- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
May 23, 2022 | 20:09
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Ողջունելով ներկաներին և խոսելով Վաչագան Մանուկյանի ու նրա կատարած սխրանքների մասին՝ Ն. Մարտիրոսյանը նշեց. «Շատ լավ կլիներ, եթե այս առիթն ընդհանարպես չլիներ, բայց Վաչագանն ընտրեց կյանքի այլ բանաձև՝ խոնարհման և հարգանքի արժանի»:
Վերհիշելով Վաչագանի հետ կապված հուշերը՝ ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշեց․ «Վաչագան Մանուկյանը պարտաճանաչ, սեփական դեմք և դիմագիծ ունեցող ուսանող էր։ 30 տարեկանում նա որոշել էր կրթությունը շարունակել ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում և ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում դասերին: Ֆակուլտետի փոքրիկ լսարանում ամեն անգամ որևէ հարց քննարկելիս մենք հասկանում էինք՝ որքան հասուն մտածելակերպի տեր է Վաչագանը: Նա տարբեր հարցերի շուրջ յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերում, և դրա շնորհիվ շատ հաճախ մենք էինք իրենից նոր բաներ սովորում»:
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Մանուկյանին, որ հերոս որդի է մեծացրել։ Ա․ Պետրոյանն իր խոսքում նշեց․ «Այսօր մեր հավաքվելու առիթը շատ տխուր է և միևնույն ժամանակ՝ չափազանց խորհրդանշական։ Կրթամրցանակի գաղափարը ծնվել է մեծ տառապանքից: Ցավոք, մեր հիմնադրամի կայքի ստեղծող Էրիկ Գևորգյանը նույնպես զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ինչ-որ չափով պետք էր փարատել պատերազմի թողած վիշտը, շաղկապել հերոսների անունները կրթության ու գիտության հետ, և հենց այս նպատակով էլ սկիզբ դրեցինք այս նախաձեռնությանը՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ունենք» կարգախոսով»։
Միջոցառմանը ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս իր խոսքում անդրադարձավ պատերազմի թողած անջնջելի հետքերին, հերոսացած ազատամարտիկներին և այն լսարաններին, որոնք կրում էին անմահ հերոսների անունները։
«Այս լսարանի կողքով անցնելիս, երբ տեսնում ենք այդ տղաների նկարները, պետք է կանգ առնենք և մտածենք, որ այդ արտացոլանքները պետք է լինեն ինքներս մեզ հետ չափվելու հայելի: Սա պաթոս չէ, կամ թեկուզ ընդունեք որպես պաթոս կամ մեկի խոսքը, որն ամեն օր այդպես տառապանքով ապրում է»,- նշեց եպիսկոպոսը:
Հերոսի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, խոսելով տղայից և պատերազմում զոհված մյուս հերոսներից, նշեց. «Ինձ համար այսօր բացառիկ օր է․ այստեղ գնահատվում է այն սխրանքը, որ գործել է Վաչագանը: Ես շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև հերոսների կատարած սխրագործությունը շրջանցելը, մոռանալը, նույնն է, թե կորցնես հայրենիքդ և մոռանաս ազգդ»:
Մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրեց ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սեդա Առաքելյանը։ Սեդան իր խոսքում նշեց․ «Մրցույթին դիմեցի կուրսընկերուհուս խորհրդով հայտերի ընդունման վերջին օրը: Այսօր էլ՝ համալսարան գալիս, ոչ մի վայրկյան մտքովս չի անցել, որ կարող էր այսօր մրցույթի ամփոփման օրը լինել, և ես այստեղ կանգնած կլինեի իբրև հաղթող։ Երբ հայտարարում էին առաջին հորիզոնականը գրաված մասնակցի անունը, բոլորը, չգիտես ինչու, իմ կողմն էին սևեռել իրենց հայացքները: Ինձ համար իսկապես անսպասելի էր:
Այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, որ դասապրոցեսից դուրս կատարվող լրագրողական աշխատանքները գնահատվեն հենց համալսարանում: Մյուս կողմից՝ սա լավագույն առիթն էր ճանաչելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանին»:
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շողեր Սահակյանը։
«Շատ ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքը գնահատվում է: Կարևոր էր այն, որ այստեղ ստեղծագործելու ազատություն ունեինք, և մեզ կաղապարների մեջ չէին դրել. մենք կարող էինք յուրաքանչյուր ֆորմատով ու բովանդակությամբ նյութ գրել: Իմ կարծիքով՝ մրցույթը հենց սրանով էլ առանձնանում էր»,- ընդգծեց Շ․ Սահակյանը:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել էր ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լուսինե Հակոբյանը։ Վերջինս էլ իր խոսքում նշեց, որ մրցույթին մասնակցել է՝ առանց որևէ ակնկալիք ունենալու, և այժմ շատ հաճելի է հաղթողների ցանկում հայտնվելը:
Մրցանակաբաշխության ընթացքում մշակութային համարներով հանդես եկան ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը և քանոնահար Մարիաննա Գևորգյանը: