- Main
- Node
- ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
May 28, 2022 | 10:17
Կրթություն
ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը Գերմանական տնտեսական միավորման անդամ Իսմայիլ Շեկին հանձնեց շնորհակալագիր՝ երախտագիտություն հայտնելով ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնին նվիրաբերած դասագրքերի համար: Կազմակերպված հանդիպման ընթացքում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով՝ ներկայացնելով կրթության և հատկապես գերմաներենի իմացության դերը բիզնեսում հաջողություն գրանցելու հարցում:
Ֆակուլտետի դեկան Գ. Բարսեղյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ այս համագործակցությունը մեծ խթան կլինի թե՛ ԵՊՀ-ի և թե՛ հատկապես գերմանական բանասիրության ամբիոնի համար: «Այսօրինակ հանդիպումները ևս մեկ առիթ են հասկանալու և վերարժևորելու կրթությունը, ինչը պայծառ և հաջողություններով լեցուն ապագայի երաշխիքն է»:
Ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը, խոսելով գերմանական «Klett» հրատարակչության դասագրքերից և կազմակերպված հանդիպման նշանակությունից, ընդգծեց. «Այս գրքերով դասավանդելը կնպաստի գիտելիքների մակարդակի էլ ավելի բարձրացմանը: Այսօր կազմակերպված հանդիպումը հնարավորություն է ստեղծում, որ ուսանողները շփվեն բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ և զարգացնեն նրանց հետ համագործակցությունը»:
Հայաստանում գերմանական տնտեսական միավորման անդամ, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հովհաննիսյանը, խոսելով նախաձեռնությունից, ընդգծեց. «Իլոն Շեկը և «Klett»-ը նույնպես տնտեսական միավորման անդամ են: Ինձ մոտ միտք առաջացավ այս երեք օղակը միավորելու և այս նախաձեռնությունն իրականացնելու: Կարծում եմ՝ ժամանակակակից լուծումներով ստեղծված այդ գրքերը կօգնեն ուսանողներին ընդլայնել գիտելիքներն ու ինչ-որ առումով մոտ զգալ երկրին»:
«Klett» հրատարակչության ներկայացուցիչ Աննա Գալիքյանը, խոսելով գրքերից, դրանց կարևորությունից, փաստեց. «Մենք որոշեցինք գրքերը նվիրել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետին, քանի որ այն Մայր բուհի ուսանողների տեսակարար կշիռն ապահովող ֆակուլտետներից է: Մենք վստահ ենք, որ ուսանողները կվերազինեն իրենց գիտելիքներն այս գրքերի շնորհիվ, որոնք կօգնեն գերմաներեն սովորողներին»:
Անդրադառնալով իրենց կատարած գործին՝ Իսմայիլ Շեկն ասաց. «Ես Գերմանիայի քաղաքացի եմ, ապրում եմ Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ հաջողությունների հասնելու համար միայն օտար լեզվի տիրապետելը բավարար չէ, սակայն այն ևս կարևոր գործոն է: Լիահույս եմ, որ այս գրքերը կնպաստեն ուսանողների գիտելիքների ընդլայնմանն ու զարգացմանը»:
Նշենք, որ հանդիպման ընթացքում ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ բովանդակալից զրույց-քննարկում: