- Main
- Node
- ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԴԱՆԹԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
May 30, 2022 | 15:19
Կրթություն
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԴԱՆԹԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
«Դանթեական օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր ընդգծել Դանթեի և Ե. Չարենցի, Դանթեի և Հ. Շիրազի միջև առկա ստեղծագործական կապը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին թեմատիկ զեկուցումներ:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ավագյանը: Պրոֆեսորն իր խոսքում նշեց. «Դանթեն համաշխարհային մեծություն է, և նրա հետ աղերսները հայ գրականության մեջ շատ են: Գովելի է նման միջոցառումների իրականացումը և նաև համագործակցությունը «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի հետ»:
Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Ջովաննի Նիկոլա Դիոնիսին ընդգծեց, որ «Դանթեական օր» տոնակատարությունների շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ամրապնդելու հայ-իտալական մշակութային սերտ կապը:
ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց «Դանթեն հայ գրականության մեջ» թեմայով զեկուցում, որտեղ անդրադարձավ Դանթե-Չարենց կապին։
Իտալերենի ավագ դասախոս, «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի (Հռոմ) երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ Անահիտ Մկրյանն ընդգծեց, որ ասոցիացիան աշխարհում շուրջ չորս հարյուր կոմիտե ունի, որոնցից մեկն էլ հայաստանյանն է։
Ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Սամվել Մուրադյանը ներկայացրեց «Հովհաննես Շիրազ և Դանթե Ալիգիերի» թեմայով զեկուցում:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Հասմիկ Եղիազարյանը ներկայացրեց Դանթե Ալիգիերիի ««Աստվածային կատակերգությունը» և ճանապարհորդության մոտիվը» թեմայով զեկուցում:
Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Էմմա Նոնինյանը և Սուսաննա Երիցյանը՝ ներկայացնելով Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» և «Մահվան տեսիլ» պոեմները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի՝ նորագույն գրականության ամբիոնի նախաձեռնությամբ: