- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
June 01, 2022 | 21:22
Հասարակություն
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԵՊՀ-ի բակում այսօր անցկացվեց ռեկտորատի, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Արհկոմիտեի համատեղ կազմակերպած տոնական միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:
Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին սիրված ու ճանաչված երգեր:
Շնորհավորանքով և մաղթանքներով հանդես եկավ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն և միջոցառման համակազմակերպիչ Կարինե Դավթյանը։
«Կարծում եմ՝ միջոցառմանը ներկա գտնվողներն այն երբեք չեն մոռանա։ Վստահ եմ՝ այստեղ գտնվող երեխաներից շատերն ապագայում լինելու են ԵՊՀ ուսանողներ, և երբ նորից գան համալսարան, կվերապրեն այս օրը»,- մեզ հետ զրույցում նշեց Կ. Դավթյանը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով ուրախ և անհոգ մանկություն։ Է. Մինասյանը մեզ հետ զրույցում կարևորեց համալսարանի նախաձեռնությունը։
«Կարծում եմ՝ նման միջոցառումներն անհրաժեշտություն են։ Դրանք կարևոր են նաև երեխաների դաստիարակության գործում։ Մյուս կողմից էլ սա հնարավորություն է համալսարանին ծանոթանալու և ուրախ ժամանց անցկացնելու»,- ասաց Է. Մինասյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ կավճանկարչության մրցույթ, երեխաների օրն էլ ավելի երջանիկ դարձրին հեքիաթի հերոսները։