- Main
- Node
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
June 16, 2022 | 14:03
Կրթություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեզ և ձեր հարազատներին պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:
Այս խորհրդանշական օրն իր մեջ ամփոփում է մեր շրջանավարտների երկարամյա աշխատանքը, մեր դասախոսների փորձն ու վարպետությունը, կրթական գործընթացն ապահովող բոլոր աշխատակիցների ջանքն ու ներդրումը։
Այսուհետ ձեզ պետք է համակի նաև պատասխանատվության զգացումը, քանի որ պետք է ապացուցեք, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։ Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար ու կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին։ Այժմ ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինենք մենք, ինչպիսի նպատակներ կսահմանենք և ինչպես կվերարժևորենք մեր ունեցածն ու երազածը՝ այդ նպատակների իրագործմանը հասնելու համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշեք, որ մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն: Իմացեք, որ կրթությունն է, որ օգնելու է մեզ ավելի լավ ճանաչել ու հասկանալ աշխարհը, և հենց կրթության միջոցով ենք կարողանալու աշխարհն ավելի լավը դարձնել, ուստի երբեք չդադարեցնեք ինքնակրթվելը։
Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացմանն ուղղված կառավարության որոշումը, ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումներն ու նոր ծրագրերը վկայում են, որ մեր երկրում այսօր գիտությամբ զբաղվելը արժևորված է ու պատվաբեր, և ես հուսով եմ, որ ձեզանից շատերն իրենց խոսքը կասեն նաև այս ոլորտում` շարունակելով մեր ունեցած լավագույն ավանդույթները, իրականացնելով արդյունավետ հետազոտություններ, լուծելով տարբեր խնդիրներ և գրանցելով նշանակալի ու արժեքավոր արդյունքներ։
Սիրելի՛ շրջանավարտներ, եղե՛ք ստեղծագործ, համարձակ, օգտվե՛ք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից, և թող ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներն ու հմտություններն առաջնորդեն ձեզ ձեր երազանքները իրականացնելու, մեր պետության արժանապատիվ քաղաքացի լինելու և հզոր ու երջանիկ երկիր կառուցելու ճանապարհին։
Վստահեցնում եմ, որ Երևանի պետական համալսարանը միշտ լինելու է ձեր կողքին, որ կարողանաք առավելագույնս իրագործել ձեր ներուժը և բավականություն ստանաք ձեր աշխատանքից։
Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր մշտական գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը, և ես վստահ եմ, որ Համալսարանի հետ անխախտ միասնության զգացողությունը մշտապես կապրի ձեր սրտերում։