- Main
- Node
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
June 20, 2022 | 16:38
Կրթություն
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:
Պատմում է ինքը՝ Իրինան։
Դեռ մանկուց որոշել էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որի շրջանակում հնարավորություն կունենայի ուսումնասիրելու հայոց պատմությունը։
Դպրոցական տարիներից սիրել եմ պատմություն առարկան և միշտ ինձ պատկերացրել այնպիսի ոլորտում, որը կապ կունենա պատմության հետ: Մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր նաև Ապրիլյան պատերազմով. այդ ժամանակ ինձ համար էլ ավելի արժևորվեց ու կարևորվեց պատմության ոլորտում մասնագիտանալը: «Կովկասագիտություն» բաժնում կրթություն ստանալը հնարավորություն է տալիս սովորելու վրացերեն և ադրբեջաներեն: Ընտրելով ադրբեջաներենը՝ դասախոսներիս շնորհիվ և նրանց ջանքերով չորս տարվա ընթացքում կարողացա լիարժեք յուրացնել լեզուն:
Համալսարանում սահմանեցի նոր նպատակներ և կարողացա հասնել դրանց։
Ի սկզբանե ինձ համար սահմանեցի նշաձող, որն օգնեց ինձ ճիշտ օգտագործել համալսարանական տարիները։ Միայն այն փաստը, որ ԵՊՀ-ում սովորել են մեծանուն գիտնականներ, ակադեմիկոսներ ու նշանավոր մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել պետականաշինության գործում, նպաստում է, որ մենք ևս ձգտենք համալրելու նրանց շարքերը:
Համալսարանական տարիներին ակտիվորեն մասնակցել եմ ուսանողական կառույցների նախաձեռնություններին։
Մասնակցել եմ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովներին, ուսխորհրդի տարբեր միջոցառումների: Ուսումնառության ընթացքում փորձել եմ ինքս ինձ բացահայտել և առավելագույնս յուրացնել ինձ տրված գիտելիքները:
Դիպլոմն ամփոփում է կրթական չորս տարիները և ազդարարում նոր փուլի սկիզբ։
Դիպլոմ ստանալու օրը հասկանում ես, որ եկել է պահը ստացածդ գիտելիքներն աշխատանքում կիրառելու։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ կրթությունս շարունակել մագիստրատուրայում և իմ խոսքն ասել գիտության մեջ: Նպատակ ունեմ դասախոս դառնալու և կարծում եմ՝ դա կարևոր քայլ է իմ նպատակի իրագործման ճանապարհին: