- Main
- Node
- «ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
July 04, 2022 | 13:48
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին:
Փառատոնի նպատակն էր նպաստել բնապահպանական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև այցելուներին ցույց տալ բնության բարիքները կենցաղում արդյունավետ օգտագործելու եղանակները: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան հայկական մշակույթին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ բույսերի և սնկերի մասին, մասնակցեցին ուսուցողական միջոցառումների։
ԵՊՀ-ն ներկայացնող ավելի քան հիսուն մասնակիցները, ամենամյա ավանդույթի համաձայն, փառատոնին ներկայացել էին իրազեկող տաղավարով: Այս տարվա խորագիրն էր՝ «Ինչպե՞ս մասրենու պտուղներում պահպանել C վիտամինի առավելագույն քանակ»։ Ուսանողները փառատոնի մասնակիցներին ներկայացրին մանրադիտակային սնկերով օդի աղտոտվածության հիմնախնդիրը՝ առաջարկելով օդի մաքրման առավել անվտանգ և հասանելի եղանակներից օգտագործել ֆիտոնցիդային ակտիվությամբ օժտված բույսերը և օդը մաքրող նորագույն սարքավորումները։
Փառատոնի մասնակիցներին հետաքրքրեցին ուտելի և բուժիչ հատկություններով օժտված գլխարկավոր սնկատեսակները։ Ամբիոնի ներկայացուցիչներն ուսանողների հետ ներկայացրին կախասունկ սովորականի աճեցման անթափոն տեխնոլոգիան՝ որպես սուբստրատ օգտագործելով թուղթը։
Փառատոնի ավարտին ԵՊՀ ուսանողները մասնակցեցին հայկական լավաշով, պանրով և զանազան կանաչիներով բրդուճի պատրաստմանը, որն ուներ հիսունվեց մետր երկարություն։