- Main
- Node
- ««COVID-19» ԿԱՊԱԿՑՎԱԾ ՄԻԿՈԶՆԵՐԸ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ». ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
July 06, 2022 | 16:11
Կրթություն
Գիտություն
««COVID-19» ԿԱՊԱԿՑՎԱԾ ՄԻԿՈԶՆԵՐԸ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ». ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
««Covid-19» կապակցված միկոզները հայ բնակչության շրջանում» գիտական թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, կ․գ․թ․ Աննա Կարապետյանի հետ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են սթրեսածին տարբեր իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, հյուսվածաբանական, հիստոքիմիական, բջջաբանական, ձևաբանական մեթոդների կիրառմամբ:
Անդրադառնալով «Covid-19» վարակի ծանր դեպքերով հիվանդների օրգանիզմում զարգացող սուր շնչառական դիսթրես համախտանիշին, սեպտիկ շոկին, տարբեր օրգան համակարգերի անբավարարությանը, արյունահոսությանը և արյան մակարդման հետ կապված զանազան խախտումներին, Ա. Կարապետյանը նշեց, որ դրանք կարող են կապված լինել նաև բակտերիաների և սնկերի համակցված վարակների հետ։
«Միկոզները հիվանդություններ են, որոնք առաջանում են ախտածին սնկերից արտադրված թունավոր նյութերի` միկոտոքսինների ազդեցության հետևանքով և օրգանիզմում զանազան ախտաբանական երևույթների զարգացման պատճառ են դառնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ա. Կարապետյանը փաստեց, որ այս հետազոտությունների շրջանակում hյուսվածաբանական, բջջաբանական, իմունահիստոքիմիական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվելու են «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունները՝ իմունային բորբոքման բացահայտման նպատակով:
Ստացված տվյալները հնարավորություն կտան բացահայտելու «Covid-19» կապակցված միկոզներով հիվանդների լորձաթաղանթում բորբոքային երևույթների զարգացման բջջաբանական օրինաչափությունները, պարզելու միկրոգործոնների ազդեցության պայմաններում իմունաախտաբանական գործընթացների առկայությունը: Աննա Կարապետյանը, կարևորելով կատարվող գիտահետազոտական աշխատանքները, նշեց, որ դրանց արդյունքները հիմք կծառայեն «Covid-19»–ի դեմ պայքարում նախազգուշական և բուժական միջոցառումների մշակման համար:
Ծրագրի շրջանակում պլանավորված հետազոտությունները հնարավորություն կտան Հայաստանում իրականացնելու «Cօvid-19» դեպքերի կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրություն, որը կուղեկցվի բուժման առավել արդյունավետ ալգորիթմի մշակմամբ։
Նշենք, որ ««Covid-19» կապակցված միկոզները հայ բնակչության շրջանում» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորել «Գիտության և կրթության Հայաստանի ազգային հիմնադրամը» («ANSEF»)։
Կարինե Հովհաննիսյան