- Main
- Node
- ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ
July 07, 2022 | 17:08
ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Այսօր հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Ն. Աֆեյանը ԵՊՀ կատարած այցի ընթացքում ծանոթացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») «ADVANCE» ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի աշխատանքին։
Ամերիկյան «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի պետական համալսարանի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ հայազգի բարերարը շրջեց գիտական լաբորատորիայում, որտեղ իր փորձերն է իրականացնում ԵՊՀ-«FAST» համագործակցությամբ աշխատող «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմը՝ Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի ղեկավարությամբ:
Նուբար Աֆեյանը ծանոթացավ հետազոտական թիմի աշխատանքներին՝ ուղղված տարբեր մանրէների կուլտիվացմանը, թափոնների մշակմանը և կենսազանգվածի ու արժեքավոր նյութերի ստացմանը:
«Շատ ուրախ էի գտնվել տարբեր սարքավորումներով հագեցած այս լաբորատորիայում։ Ես շնորհավորում եմ թե՛ ԵՊՀ-ին, թե՛ «FAST»-ին, թե՛ պրոֆեսոր Անդրանիկյանին՝ իրենց ներդրած ջանքերի համար։ Կարծում եմ՝ մենք կարող ենք ավելին անել՝ մեր առջև ունենալով այս հաջող օրինակը։ Այս ծրագիրը մի կողմից թույլ է տալիս զարգացնել կրթելու կարողությունը, մյուս կողմից՝ ուսումնասիրել խնդիրներ, որոնք մինչ այս չեն ուսումնասիրվել։ Գիտությունը զարգանում է համաշխարհային կապերի և համագործակցության շնորհիվ. այն անհատական գործունեություն չէ, հետևաբար, «ADVANCE» ծրագիրը թույլ է տալիս ապահովել հետազոտական թիմի կապն աշխարհի այլ լաբորատորիաների թիմերի հետ»,- իր խոսքում ասաց Նուբար Աֆեյանը։ Նրա խոսքով, որպեսզի ծրագիրն ունենա մեծ ազդեցություն, այն պետք է ընդլայնվի և հնարավորինս մեծ թվով գիտնականների համար հասանելի դառնա։
Այնուհետև ԵՊՀ «ISTC» կենտրոնում համալսարանի գիտական խորհրդի միաձայն որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանը Երևանի պետական համալսարանի 85-րդ պատվավոր դոկտորն է։
Բարձր գնահատելով Ն․ Աֆեյանի ունեցած շոշափելի ավանդը ՀՀ-ում գիտության զարգացման գործում՝ ԵՊՀ ռեկտորն իր խոսքում նշեց․ «Ն․ Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, գործի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ են։ Ես վստահ եմ, որ պետության կողմից գիտության նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը, ոլորտի ֆինանսավորման նշանակալի ավելացման կառավարության որոշումը, բարենպաստ միջավայրի ստեղծումը և, իհարկե, պարոն Աֆեյանի պես հայազգի գիտնականների վառ կերպարները կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվելու գիտությամբ և իրենց ուրույն խոսքն ասելու այս ոլորտում»։
Պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո Նուբար Աֆեյանը հանդես եկավ ելույթով, այնուհետև պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հարցերին։
ԵՊՀ պատվավոր դոկտորը, անդրադառնալով երկրի զարգացման գործում կրթության կարևորությանը, նշեց․ «Ուրախ եմ և հպարտ, որ արժանացա ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման: ԵՊՀ-ն, անշուշտ, ամենահզոր ու մեծ համալսարանն է Հայաստանում, իսկ ապագայի ներուժը կրթության մեջ է»:
Ն. Աֆեյանն այնուհետև ներկայացրեց որոշ մանրամասներ իր կյանքից, երբ 1970-ականներին իր ընտանիքը, թողնելով Լիբանանը, հաստատվում է Կանադայում և անդրադարձավ իր անցած գիտական ուղուն․ «Ավելի քան 40 տարի առաջ էր, երբ ես ընդունվեցի ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժին, որը լիովին նոր ուղղություն էր այդ ժամանակ։ Դա սկիզբն էր, և ես «առաջամարտիկներից» էի։ Ես այս ամենն ասում եմ, որ քաջալերեմ հատկապես այս դահլիճում գտնվող ուսանողներին, որ նրանք միշտ փնտրեն նոր ուղղություններ և դուրս գան հարմարավետության գոտուց՝ դնելով նոր սահմանների հիմքը»,- իր խոսքում ասաց Նուբար Աֆեյանը։ Նա հատկապես ընդգծեց գիտության մեջ անսահման երևակայություն ներդնելու և սեփական հաջողությանը հավատալու կարևորությունը։
Նշենք, որ Ն․ Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։
Տեղեկացնենք նաև, որ այս տարվա գարնանը ԱՄՆ-ում կայացել էր «FAST»-ի առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ «Advance Armenia Gala 2022»-ը, որի գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն էր: Միջոցառման ժամանակ հավաքագրված ողջ միջոցներն ուղղվելու են «ADVANCE» ծրագրի ընդլայմանն ու նոր նախագծերի մեկնարկին: Այս պահին ընթացքի մեջ է ևս երկու նախագիծ՝ մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներից:
«FAST» հիմնադրամն ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է՝ օգնել Հայաստանին դառնալու առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են կարևորագույն երեք հիմնասյուներում՝ կրթության, գիտության և գիտական արդյունքի իրացման ասպարեզներում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին «FAST»-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: