- Main
- Node
- «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԷՐ». ԿՄՕ ՄԱՍՆԱԿԻՑ
July 11, 2022 | 19:01
Կրթություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԷՐ». ԿՄՕ ՄԱՍՆԱԿԻՑ
«Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց կատարեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծանոթացան անվտանգության կանոններին, լաբորատոր սարքավորումներին, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրին Երևանում։
Մասնակիցներին ուղեկցող կամավորները ներկայացրին լաբորատոր սարքավորումները և անվտանգության սահմանված կանոնները։
Նախաքննական օրվա հաջորդ հատվածում մասնակիցները ծանոթացան մայրաքաղաքին, հիացան արևոտ Երևանով և հայերի ջերմ հյուրընկալությամբ։
Մեզ հետ զրույցում ԿՄՕ Ուզբեկստանի մասնակից Ազիզա Աբդուվալիևան, խոսելով օլիմպիադային իր մասնակցությունից և Հայաստանում ստացած տպավորություններից, ասաց. ««Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան» իմ կյանքի ամենակարևոր օլիմպիադան է: Նախորդ տարի նույնպես մասնակցել եմ օլիմպիադային, որն անցկացվում էր առցանց ձևաչափով: Այս տարի այն Հայաստանում է անցկացվում։ Ես առաջին անգամ եմ այստեղ և հիացած եմ այս երկրով»:
Մեր զրուցակիցը, հաջողություն մաղթելով օլիմպիադայի մասնակիցներին, անդրադարձավ նաև օլիմպիադայի կազմակերպվածությանը․ «Ես կարծում եմ՝ օլիմպիադայի կազմակերպվածությունը շատ ավելի լավ է, քան նախորդ տարիներին էր»:
Նշենք, որ քննության գործնական փուլը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 12-ին, և տևելու է 7 ժամ։ Այդ ընթացքում մասնակիցները համացանցին հասանելիություն չեն ունենալու։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տրվել էր «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» մեկնարկը։