- Main
- Node
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
July 13, 2022 | 15:30
Կրթություն
Գիտություն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում, որի շրջանակում ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողներն օտարերկրյա ուսանողներին ներկայացրել են բանախոսություններ:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնած հանդիպման բանախոսության թեմաները վերաբերում էին ԱՄՆ քաղաքական կյանքի տարբեր բնագավառներին (արտաքին քաղաքականություն, էներգետիկա, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-Հարավկովկասյան տարածաշրջան փոխհարաբերություններ և այլն):
Հանդիպման շրջանակում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ք.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը ներկայացրել է ԵՊՀ պատմությունը, գիտական և հետազոտական ներուժը, ինչպես նաև ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները և փորձագիտական ու մասնագիտական կարողությունների զարգացման հեռանկարային հնարավորությունները:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահագն Ագլյանը, խոսելով արտաքին քաղաքականության տեսահայեցակարգային մոտեցումներից, նշել է, որ համաշխարհային արդի իրողությունների պայմաններում միջազգային կազմակերպությունների դերակատարությունը պետք է աճ գրանցի:
Բանախոսը խոսել է նաև միջազգային հարաբերությունների արդի համակարգը երեք պարբերաշրջանների (հետխորհրդային տարածաշրջան-ԵՄ-գլոբալ աշխարհակարգ) տեսքով ներկայացնելու հնարավորության մասին։
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող, պ.գ.թ., դոցենտ Բենիամին Պողոսյանի բանախոսության շրջանակն ընդգրկել է Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող Նորա Գևորգյանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակում, նշել է համագործակցության երկուստեք կարևոր դրդապատճառները:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող Տիգրան Սարգսյանը ներկայացրել է եվրոպական էներգետիկ անվտանգության խնդիրը ԱՄՆ էներգետիկ քաղաքականության համատեքստում:
Բանախոսը մասնավորապես նշել է, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից կարևոր է էներգետիկ աղբյուրների տարատեսականացումը, չվերականգնվող ռեսուրսների ռացիոնալ սպառումը և վերականգնվող բնական պաշարների սպառման ծավալների տեսակարար կշռի ավելացումը, էներգետիկ կախվածության նվազեցումը:
Հանդիպումն ավարտվել է մասնագիտական բուռն քննարկմամբ: