- Main
- Node
- ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
July 15, 2022 | 16:15
Կրթություն
Գիտություն
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է «Կենսաբանության 33- րդ միջազգային օլիմպիադայի» քննությունների վերջին՝ տեսական փուլը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս ուղղություններով (կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա):
Օլիմպիականներին տրվել է 7 ժամ, և քննության ընթացքում նրանք համացանցի հասանելիություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային» մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր, յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից:
Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը, Բոլիվիան և Ֆրանսիան: Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի կողմից մշակված հատուկ ծրագրով։
Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք փակման արարողության ընթացքում:
Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով․ օլիմպիադային մասնակցել է երեք աշակերտ՝ «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
«Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային» Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչ օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ:
Նշենք, որ ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։ Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: