- Main
- Node
- ԱՎԱՐՏՎԵՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ. ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
July 17, 2022 | 23:02
Կրթություն
Գիտություն
ԱՎԱՐՏՎԵՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ. ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» փակման հանդիսավոր արարողությունը: Հաղթող երկրների ներկայացուցիչներին հանձնվեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը միջազգային օլիմպիադայի ղեկավար կոմիտեի նախագահին և անդամներին հանձնեց հուշադրամներ, իսկ Րիոչի Մացուդային՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պատկերով ժամացույց:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղթողներին հանձնեց ոսկե, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ արծաթե, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ բրոնզե մեդալներ։ ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանը օլիմպիական գավաթը հանձնեց Միացյալ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչներին։ Վերջինս նաև մրցանակներ հանձնեց «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթի հաղթող թիմերին:
Հայաստանի թիմից ևս կար հաղթող մասնակից՝ «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արման Հայրապետյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի:
Հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր տարբեր երկրների ներկայացուցիչներին հյուրընկալելն ու միջոցառման կայացմանը նպաստելը:
Դիմելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ, անկախ մրցույթի անհատական արդյունքներից, նրանց մասնակցությունը վկայում է, որ իրենք ուժեղագույններն են աշխարհում:
«Ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք ձեզ օգնելու են ձեր հետագա գործունեության ընթացքում։
Բացառված չէ, որ ապագայում ի հայտ կգան նոր հիվանդություններ, և այդ ժամանակ արդեն, վստահ եմ, որ դուք կաջակցեք դրանց կանխարգելմանն ու ձեր նոր բացահայտումներով կփրկեք հազարավոր կյանքեր՝ այդկերպ դրսևորելով ձեր հարգանքն ամբողջ մարդկության նկատմամբ։ Այժմ այդ հարգանքը դուք պետք է ցույց տաք՝ էլ ավելի լավ սովորելով ու ձգտելով գիտության մեջ ձեր խոսքն ասելու»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը։
Ռեկտորն իր խոսքում նաև հույս հայտնեց, որ օլիմպիադայի մասնակիցները Հայաստանից ետ են վերադառնալու ջերմ ու անմոռանալի հիշողություններով, գեղեցիկ տպավորություններով, նոր գիտելիքներով։ Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հովանավորներին ու աջակիցներին:
«Ես հավատում եմ, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց հետագա գործունեությամբ աշխարհն ավելի լավն են դարձնելու և ապահովելու են մեր մոլորակում կյանքի հավերժության անխափան ընթացքը»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Հ. Հովհաննիսյանը։
Շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին՝ «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան իր խոսքն ուղղեց մասնակիցներին․ «Հուսով եմ՝ ձեր հետազոտությունների շնորհիվ դուք կկարողանաք ապագայում գտնել նոր լուծումներ, նոր մեթոդներ, որոնց շնորհիվ կպայքարեք մի շարք հիվանդությունների դեմ, որոնք կծառանան մեր առջև: Դուք ձևավորել եք ընկերական մեծ միջավայր, և հուսով եմ՝ կօժանդակեք հետագա հետազոտություններին: Սա լավագույն ժամանակն է դա անելու համար․ դուք կենսաբանության ոլորտի ապագա մասնագետներ եք»:
Րիոչի Մացուդան իր խոսքում հույս հայտնեց, որ Երևանի պետական համալսարանի հետ նախատեսվող համագործակցությունը կօգնի կենսաբանության ոլորտում նոր լուծումներ գտնելու հարցում։
Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան մրցանակներ հանձնեց օլիմպիադայի կազմակերպչական հարցերում մեծ ավանդ ունեցած ներկայացուցիչներին:
«Թեև չստացվեց նախապատրաստական փուլում կազմակերպիչներին առերես հանդիպել, սակայն հանդիպեցինք առցանց տարբերակով և կարողացանք հաղթահարել օլիմպիադայի հետ կապված մարտահրավերները»,- իր խոսքում ասաց Լ. Լիբուսովան։
Մրցույթի ոսկե մեդալակիր, Սինգապուրի ներկայացուցիչ Կոո Մին Սեոն, ով նաև Գայանե Ղուկասյանի կողմից էր արժանացել մրցանակի, մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ է ոսկե մեդալի արժանանալը: Խոսելով քննության բարդությունից՝ նա նշեց. «Ինձ համար գործնական քննությունն առավել բարդ էր, քան տեսականը»:
Ոսկե մեդալակիրը նաև նշեց, որ տպավորված է Հայաստանով և հատկապես հայկական եկեղեցիներով: Ամփոփելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ նորից կվերադառնա Հայաստան:
Ղազախստանի ներկայացուցիչ, արծաթե մեդալակիր Օմար Դինմուհամմեդը, խոսելով օլիմպիադային իր մասնակցությունից և Հայաստանում ստացած տպավորություններից, մեզ հետ զրույցում նշեց. «Ես անմոռանալի օրեր անցկացրի Հայաստանում: Կարծում եմ՝ այս օլիմպիադան ոչ միայն հաղթողների, այլև բոլոր մասնակիցների համար շատ կարևոր էր, քանի որ դրա շնորհիվ մենք ձեռք բերեցինք շատ ընկերներ: Ես արժանացել եմ արծաթե մեդալի, թեև վստահ չէի, որ այդքան բարձր արդյունք կգրանցեմ»:
Ինդոնեզիայի ներկայացուցիչ, բրոնզե մեդալակիր Ջեֆերսոն Ֆիլբերտ Տյոենարդին, խոսելով իր հաղթանակից, ասաց. «Անչափ շնորհակալ եմ այն հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց: Երբեք չեմ մտածել, որ կլինեմ իմ երկրի պատվիրակության կազմում: Ինձ համար շատ կարևոր էին երկիրս ներկայացնելը և հաղթանակ գրանցելը։ Հաճելիորեն զարմացա, երբ հաղթողների ցանկում լսեցի իմ անունը»:
Միջոցառումն ամփոփվեց մշակութային կատարումներով․ երաժշտական համարներով հանդես եկան «YSU band»-ը և «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Տիգրան Հեքեքյան)։
Նշենք, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումները կազմակերպվել էին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ջանքերով։
Հիշեցնենք, որ Կենսաբանության միջազգային օլիմպիադան առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Օլիմպիադայի շրջանակում Հայաստան էին ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր, 3 դիտորդ երկիր, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Օլիմպիադայի ծրագիրը համակարգում էր Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն էր։ Միջազգային օլիմպիադան կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն էր, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել էր անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն էր: