- Main
- Node
- «ԵՊՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
July 19, 2022 | 16:23
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ԵՊՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի շրջանավարտներից է Նարեկ Պետրոսյանը, ում հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած կրթության, դրա շնորհիվ աշխատաշուկայում կայուն դիրք գրավելու և համալսարանի ընձեռած այլ հնարավորությունների մասին:
Երբ ցանկություն ունես, ժամանակ գտնում ես:
Առաջին կուրսից անդամակցել եմ ԵՊՀ ուսանողական 2 կառույցներին՝ ՈՒԳԸ-ին և ՈՒԽ-ին՝ ծավալելով ակտիվ գործունեություն: Զուգահեռաբար սովորել եմ նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Շուտով զորակոչվելու եմ հայոց բանակ՝ որպես սպա:
Լավագույն ընկերներիցս շատերին հանդիպել եմ համալսարանում։
Ուսանողական գիտական ընկերությունն ինձ հնարավորություն է ընձեռել գիտական գործունեություն ծավալելու, գիտական հոդվածներ գրելու, իսկ ուսխորհուրդն ապահովել է հագեցած ու հետաքրքիր ժամանցը։ Վստահորեն կարող եմ ասել, որ համալսարանում ձեռք բերած ընկերներիս հետ կապը չի սահմանափակվելու սոսկ համալսարանական տարիներով:
ԵՊՀ-ում ձեռք բերեցի մասնագիտություն, որն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի։
Ոլորտում մասնագետների պահանջարկը շատ մեծ է, և սովորելով աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ ուսանողները կարող են վստահ լինել, որ հեշտությամբ մուտք են գործելու աշխատաշուկա:
Համալսարանի ընձեռած հնարավորությունները կարելի է անվերջ թվարկել:
Որպես մասնագետ կայանալու հարցում շատ կարևոր է պրակտիկա անցնել այնպիսի հաստատություններում, որոնք էլ ավելի կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը: Ես, օրինակ, ավարտական աշխատանքս գրել եմ Կադաստրի կոմիտեում ստացած պրակտիկ գիտելիքների հիման վրա:
ԵՊՀ ուսանող լինելը պատիվ է:
Կարծում եմ՝ ԵՊՀ ընդունվելը կյանքիս լավագույն ու ամենաճիշտ որոշումներից էր: Համալսարանն ինձ համար ազգային արժեք է, իսկ այնտեղ սովորելը՝ հպարտություն: Ֆակուլտետի յուրաքանչյուր դասախոս փոխանցում է այնպիսի արժեքներ, որոնք կարևոր են մեր՝ որպես ուսանողի և մարդու կայացման հարցում:
Ապագայի հետ կապված՝ հստակ նպատակներ ունեմ։
Արդեն իսկ դիմել եմ մագիստրատուրա, նպատակ ունեմ նաև ասպիրանտուրա դիմելու, իսկ հետագայում՝ համալսարանում դասախոսելու: Հուսով եմ՝ իմ հաջողություններով բարձր կպահեմ և՛ հարազատ դարձած համալսարանիս, և՛ երկրիս անունը:
Մարինե Մկրտչյան