- Main
- Node
- ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
July 21, 2022 | 15:44
Կրթություն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ իրականացվում է «Անչափահասների պատժի կրման առանձնահատկությունները» թեմայով եռօրյա վերապատրաստում, որին մասնակցում են քրեակատարողական մոտ 25 ծառայողներ:
«Անչափահասների պատժի կրման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը միտված է ներկայացնելու տարբեր երկրներում անչափահասների պատժի կրման առանձնահատկությունները, ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, անչափահասների կողմից պատժի կատարման, կրման և կազմակերպման ոլորտում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դերն ու նշանակությունը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիանա Մարուքյանը, ով անցկացնում է վերապատրաստման եռօրյա դասընթացը, մեզ հետ զրույցում անդրադարձավ ս․թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած քրեակատարողական նոր օրենսգրքին:
«Այժմ անհրաժեշտություն կա քրեակատարողական ծառայողներին վերապատրաստելու՝ ծանոթացնելով նոր օրենսգրքին և լսելով նրանց կարծիքը: Կարելի է ասել, այս միջոցառումը ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու նպատակ ունի, այլև պրակտիկայում նոր դրույթները կիրառելու դժվարությունների հետ կապված կարծիքներ լսելու: Այս վերապատրաստման շրջանակում արծարծվում են այնպիսի հարցեր, որոնք հետագայում կնպաստեն ոլորտի կատարելագործմանը»,- ասաց նա:
Խոսելով Երևանի պետական համալսարանի և արդարադատության նախարարության հետ համագործակցության էական նշանակությունից՝ բանախոսը նշեց, որ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը պատրաստվել է ԵՊՀ իրավագիտություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, որի հանձնաժողովը ղեկավարում էր իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան, ի.գ.դ․, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը։
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ապահոված տեսական հատվածն անհրաժեշտ է մեկտեղել աշխատակիցների փորձառության հետ, և հետագայում հնարավորինս կիրառելի կլինի քրեակատարողական նոր օրենսգիրքը»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Լ. Մարուքյանը:
Հատկանշական է, որ հուլիսի 6-8-ը ևս ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում անցկացվել են վերապատրաստումներ «Խոշտանգման, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելումը քրեակատարողական հիմնարկում» թեմայով: Վերապատրաստման դասընթացներն անցկացրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի իրավաբան-փորձագետ, դասախոս Սերգեյ Ղազինյանը:
Վերապատրաստման շրջանակում քննարկվել են «վատ վերաբերմունք» հասկացությունը և դրա տեսակները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման կարևորությունը։ Մասնակիցների հետ քննարկվել են նաև վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային մոնիթորինգային մարմինների լիազորություններն ու աշխատանքի սկզբունքները։
Հավելենք, որ եռօրյա վերապատրաստման ավարտին մասնակիցները հանձնելու են թեստ, որի դրական արդյունքների հիման վրա՝ նրանց տրամադրվելու է վկայական։