- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
August 19, 2022 | 17:30
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
Մամուլի ասուլիսին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆ․ Նազիկ Հարությունյանը, համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը և ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Գրիգորյանը ներկայացրեց համաժողովի ընդհանուր բնութագիրը, կազմակերպիչներին և ասուլիսի մասնակիցներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով համաժողովի կարևորությունը և հատկապես դրա՝ ԵՊՀ-ում անցկացվելու փաստը, ասաց. «Կրթական հետազոտությունների ամենամյա համաժողովն անցկացվելու է ԵՊՀ-ում: Համաժողովին մասնակցելու են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից, ըստ որում՝ 800 հոգի մասնակցելու է առցանց ձևաչափով»:
Անդրադառնալով համաժողովի կազմակերպմանը՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, ի դեմս տնօրեն Նազիկ Հարությունյանի և փոխտնօրեն Աննա Ալեքսանյանի, գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի համաժողովը լավագույնս կայանա։
«Կարծում եմ՝ նմանատիպ համաժողովները ՀՀ-ի և հանրապետության բուհական համակարգի համար չափազանց կարևոր են։ Այս համաժողովը կնպաստի գիտական սեմինարների, կոնֆերանսների աշխարհում մեր դիրքերի ամրապնդմանը: Լիահույս եմ, որ հետագայում ևս մենք բաց չենք թողնի նմանատիպ միջոցառումները ԵՊՀ-ում կազմակերպելու առիթը»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, անդրադառնալով համաժողովի դերին ու նշանակությանը, ասաց, որ այն իր տեսակով աննախադեպ է:
«Հատկանշական է, որ այս համաժողովը տարածաշրջանում առաջին անգամ կազմակերպվում է մեր երկրում»,- ասաց Ն. Հարությունյանը։
Խոսելով համաժողովի նպատակից՝ պրոֆեսորն ասաց. «Այս համաժողովի նպատակն է տարբեր երկրների կրթական հետազոտողներին համախմբել գիտական մեկ հարթակում և միասնաբար քննարկել կրթական բոլոր հիմնախնդիրները, որոնք առկա են աշխարհի շատ երկրներում»։
Ն․ Հարությունյանն ընդգծեց, որ համաժողովին մասնակցել ցանկացողների թեզիսներն ուսումնասիրվել են երեք փորձագետների կողմից, և միայն դրական պատասխան ստանալուց հետո է արտոնվել համաժողովին նրանց մասնակցությունը: ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենն ասաց. «Հունվար ամսվա դրությամբ ընդհանուր հայտերի թիվը եղել է 2237, սակայն փորձագիտական քննության արդյունքում ընտրվել է 150-ը։ Մեր հանրապետությունից ներկայացվել է 137 հայտ, 40-ը՝ Երևանի պետական համալսարանից։ ՀՀ-ից ներկայացված հայտերից 75-ը ստացել է դրական պատասխան»։
Ամփոփելով խոսքը՝ Ն. Հարությունյանը հույս հայտնեց, որ այս համաժողովն իր ներդրումը կունենա կրթական հետազոտությունների և ընդհարապես կրթության զարգացման գործում։
Համաժողովի կոորդինատոր, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն ասաց, որ ECER 2022-ը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից է:
«Համաժողովին մասնակցելուն ձգտում են աշխարհի տարբեր երկրների հետազոտողներ: Այս առումով կարևորվում է սկսնակ հետազոտողների մասնակցությունը, քանի որ հենց այս համաժողովից սկսվում են նրանց առաջին քայլերն ասպարեզում, և նրանք, փորձառու հետազոտողների հետ շփման շնորհիվ, ձեռք են բերում նոր հմտություններ: Բացի դրանից՝ սա մեծ հնարավորություն է միջազգային լայն կապեր ստեղծելու համար»:
Աննա Ալեքսանյանն իր խոսքում անդրադարձավ նաև համաժողովի կազմակերպման ընթացքում առաջացած մարտահրավերներին:
«COVID-19 համավարակով պայմանավորված՝ դժվարություններ են առաջացել համաժողովի կազմակերպման հարցում: Համավարակից հետո սա ECER առաջին համաժողովն է: Քանի որ համավարակը դեռ լիովին չի հաղթահարվել, որոշեցինք, որ համաժողովը զուգահեռաբար կանցկացվի նաև առցանց ձևաչափով»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Ա. Ալեքսանյանը նշեց նաև, որ մասնակցության հայտ ներկայացրել են ՀՀ ոչ միայն պետական բուհերի, այլև կրթական, գիտահետազոտական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ասուլիսի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Պատասխանելով այն հարցին, թե համաժողովն ինչ այլ հնարավորություններ է ընձեռում՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ դրա ընթացքում հնարավորություն կտրվի ներկայացնելու ԵՊՀ մի շարք ամսագրեր՝ նպաստելով դրանց միջազգայնացմանը:
«Այսօր մենք ունենք այնպիսի ամսագրեր, որոնք արդեն իսկ մոտեցել են միջազգային ինդեքսներում ընդգրկվելուն»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
Այնուհետև անդրադառնալով ԵՊՀ ընձեռած հնարավորություններին՝ Հ․ Հովհաննիսյանն ընդգծեց համալսարանի աշխատակիցների գնահատված լինելու փաստը․ «Մենք այս ընթացքում ներքին դրամաշնորհներ ենք հայտարարել, ինչպես նաև խրախուսում ենք ԵՊՀ աշխատակիցների՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելը, ինչը ֆինանսական կայունության առումով նույնպես մեծ հնարավորություններ է ստեղծում: Այս հարցում կարևոր է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությունը («FAST»), որն իրականացվում է երկու տարբեր ուղղություններով:
Մեզ հաջողվել է աշխատավարձի հիսուն տոկոսի չափով պարգևավճարներ տալ համալսարանի աշխատակազմին: Արդեն իսկ սեպտեմբեր ամսից տասը տոկոսով բարձրանալու են ԵՊՀ պրոֆեսորների, իսկ հունվարից՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը»:
Իր խոսքում Հ. Հովհաննիսյանն ասաց՝ տարբեր քննարկումներ են տեղի ունենում, որոնք միտված են դասախոսների աշխատավարձերի բարձրացումը նրանց մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանը կապելուն:
«Սա ենթադրում է, որ դասախոսը պետք է վերապատրաստումների միջոցով կուտակի որոշակի կրեդիտներ, ինչն էլ աշխատավարձի բարձրացման համար հիմք կդառնա: Համալսարանում մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ՝ ցուցաբերելով մարդակենտրոն մոտեցում»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:
Ն․ Հարությունյանը, պատասխանելով համաժողովի կազմակերպչական աշխատանքներում կամավորների ներգրավվածությանը վերաբերող հարցին, նշեց, որ նրանց թիվը հասնում է հարյուրի, և նրանք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են:
«Հատկանշական է, որ նրանք աջակցելու են ոչ միայն կազմակերպչական աշխատանքների լավագույնս իրականացմանը, այլև հնարավորություն են ունենալու միջազգային հեղինակություն ունեցող հետազոտողների խոսքը լսելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու»,- ասաց Ն. Հարությունյանը:
Շարունակելով ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենի խոսքը՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր և արդյունավետ է: Ինչպես «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» կազմակերպման ու կայացման ժամանակ, այնպես էլ այս անգամ որպես կամավորներ ներգրավված են ԵՊՀ շատ ուսանողներ»:
Անդրադառնալով կրթության ոլորտում առկա մարտահրավերներին՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց. «Շատ հաճախ թվում է՝ այդպիսի մարտահրավերներ միայն Հայաստանում կան, սակայն այսպիսի համաժողովները փաստում են, որ եվրոպական առաջադեմ մի շարք երկրներ ևս կանգնած են մարտահրավերների առջև: Այս տեսանկյունից համաժողովը հնարավորությունների մեծ դաշտ է, որտեղ քննարկումների շնորհիվ հնարավոր է գտնել այդ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված լուծումներ»:
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։