- Main
- Node
- ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ
September 29, 2022 | 10:35
Մշակույթ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ
Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ զրուցել ենք միջազգային մրցույթի, Մարիցայի մասնակցության և գրանցած հաջողություններում կենտրոնի ունեցած դերի մասին:
Միջազգային մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 23-25-ը՝ նպատակ ունենալով խթանելու համաշխարհային և ազգային բարձրաճաշակ երաժշտության տարածումը։
Մարիցա Թիլիքյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Նա մշակույթի կենտրոնում մեծ սեր է ձեռք բերել երգարվեստի հանդեպ և որոշել ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ միաժամանակ պահպանելով ԵՊՀ-ի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հետ ունեցած ամուր կապը:
Կարինե Դավթյանի խոսքով՝ երգչուհու տաղանդը նկատվել է այն ժամանակ, երբ դեռ առաջին կուրսի ուսանող է եղել:
«Առաջին անգամ, երբ լսեցի Մարիցայի կատարումը, հասկացա՝ նրան մեծ բեմեր են սպասում: Այսօր կարող եմ ասել՝ տարիների աշխատանքը տվել է իր արդյունքը. Մարիցային շատերն են ճանաչում և նրանով հպարտանում: Դիտարկելով Մարիցայի օրինակը՝ կարող եմ փաստել, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տաղանդաշատ ուսանողների համար հարթում է ուղի՝ դեպի մեծ բեմեր»,- վստահեցնում էր Կ. Դավթյանը և հպարտորեն ժպտում:
Կ․ Դավթյանը հայտնեց, որ մրցույթի ընթացքին հետևել է առցանց տարբերակով:
«Աշխատանքային գրաֆիկով պայմանավորված՝ այս անգամ չկարողացա մեկնել Մարիցայի հետ, սակայն մինչ մեկնելը նախապատրաստական աշխատանք ենք կատարել՝ փորձերի ժամանակ քննարկելով յուրաքանչյուր դետալ»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Մեր մասնակիցը մրցույթում ներկայացել է նախապես մտածված, ինքնատիպ և խիստ ազդեցիկ բեմադրությամբ, որի հեղինակը եղել է Կարինե Դավթյանը։
Հետևելով ելույթին՝ Կ․ Դավթյանը նկատել է՝ Մարիցայի կատարման ժամանակ ժյուրին որքա՜ն տպավորված է եղել, հատկապես երգի կուլմինացիայի պահին, երբ, Կարինե Դավթյանի մտահղացմամբ, Մարիցան սկսել է անակնկալ ծածանել Հայաստանի դրոշը։
Ըստ Կ․ Դավթյանի՝ հաղթանակի հասնելու համար պետք է ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին: Այս է պատճառը, որ երկար ժամանակ է հատկացվել անգամ հագուստի ընտրությանը:
«Պետք էր ընտրել այնպիսի հագուստ, որը «կպատմեր» երգի մասին»,- նշեց Կ. Դավթյանը:
Ուշագրավ է այն, որ մրցույթի բոլոր մասնակիցներն ունեցել են հաղթելու հավանականություն և արժանիքներ, սակայն հաղթանակի բերկրանքը վայելելու հնարավորությունն ընձեռվել է Մարիցային։ Դեպի հաղթանակ տանող ճանապարհը եղել է դժվարին և փորձություններով լի։ Կ. Դավթյանը փաստեց, որ Մարիցային շատ է օգնել նաև այն, որ նա եղել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի սան՝ տարբեր ներկայացումներում մարմնավորելով դերեր և ստեղծելով կերպարներ, ինչը չէր կարող դրական ազդեցություն չունենալ թե՛ երգի մատուցման, թե՛ տպավորիչ ելույթ ունենալու գործերում:
Ամփոփելով իր խոսքը՝ Կ․ Դավթյանն ընդգծեց․ «Հպարտանալու առիթ է, որ մեծ բեմեր է նվաճում ԵՊՀ շրջանավարտը՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին: Սա ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ողջ Հայաստանի հաղթանակն է: Վստահաբար կարող եմ ասել, որ այսպիսի հեղինակավոր մրցույթները ևս նպաստում են բուհի միջազգային ճանաչմանը և ստեղծում համագործակցության նոր հնարավորություններ»։
Նշենք, որ Մարիցան մրցույթին ներկայացրել է Շուշան Սարգսյանի «Հայաստա՛ն երկիր, ի՛մ մայր» երգը: