- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
October 14, 2022 | 17:52
Կրթություն
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում կազմակերպվեց հայոց պատմության ամբիոնի լուսահոգի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները․ նվիրյալները» ֆիլմի ցուցադրումը։
Արտակ Մովսիսյանը, որը 50 տարեկանում կյանքից հեռացել է երկու տարի առաջ, հայտնի էր ոչ միայն գիտամանկավարժական ակտիվ գործունեությամբ, այլև պատմական, գիտաճանաչողական ֆիլմեր ստեղծելով։ Կյանքի վերջին ամիսներին պրոֆեսորն իր երկարամյա գործընկեր ռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ աշխատում էր «Հայոց թագուհիները. նվիրյալները» ֆիլմի ստեղծման շուրջ։
Ցավոք, պատմաբանը չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքը, չնայած նա արդեն իսկ գրել էր սցենարի մի մասը, և իր մասնակցությամբ նկարահանված էին ֆիլմի բազմաթիվ դրվագներ։ Ֆակուլտետի ղեկավարության առաջարկով՝ ֆիլմի սցենարի ամբողջացման և մասնագիտական-փորձագիտական խմբի հետագա համակարգման գործն ստանձնել է լուսահոգի պրոֆեսորի սանը՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյանը, իսկ նկարահանող խմբի ընդհանուր համակարգումը շարունակել են ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը և պրոֆեսորի կինը՝ Երանուհի Դանիելյանը։
Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնք ներկայացնում են հայոց թագուհիների և պատմության մեջ առանցքային դեր ունեցած իշխանուհիների կերպարները Վանի թագավորության ժամանակաշրջանից մինչև Արցախի Խամսայի մելիքություններ։ Ընդհանուր տևողությունը ավելի քան երկու ժամ է։ Ֆիլմում բանախոսում են մեկ տասնյակից ավելի մասնագետներ, որոնց մեծ մասը ԵՊՀ պատմության ֆակուլտետից է։ Ֆիլմը հագեցած է նաև խաղարկային դրվագներով։
Ֆիլմի ավարտին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծման աշխատանքին մասնակցած բոլոր անձանց և հավաստիացրեց, որ այն անպայման կիրառվելու է ֆակուլտետի ուսումնական գործընթացում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ, քանի որ Արտակ Մովսիսյանի ջանքերով ֆիլմն ունեցել է գիտական հենք։
Ռեժիսոր Արտակ Ավդալյանն էլ նշեց, որ բոլոր մասնակիցներն իրենց բարոյապես պարտավորված էին զգում Արտակ Մովսիսյանի գործն ամբողջացնելու հարցում, և, բացի դրանից, նրա հոգևոր ներկայությունը միշտ զգացվում էր նկարահանման ընթացքում։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին էին ֆիլմի ռեժիսորը, Արտակ Մովսիսյանի այրին, գործընկերներից, ուսանողներից և ընկերներից շատերը։
Արտակ Մովսիսյանի հեղինակած ֆիլմերից են՝ «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Հազարամյակների ճամփորդը. Երևան», «Պատմության կեղծարարները. Ադրբեջան», «Դրամապատում», «Արարատ-Ուրարտու թագավորությունը», «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» և այլն։
Նշենք, որ սա ֆիլմի երրորդ ցուցադրոումն էր. այն երկու անգամ ցուցադրվել է Երևանի տարբեր կինոթատրոններում։
Հավելենք՝ առաջիկայում նախատեսված են ֆիլմի մի քանի ցուցադրումներ հանրապետության տարբեր բուհերում և դպրոցներում, այնուհետև այն հասանելի կլինի նաև առցանց՝ Արտակ Մովսիսյանի յութուբյան էջում։