- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
November 07, 2022 | 17:01
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
Երևանի պետական համալսարանի ԳԽ դահլիճում կայացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հրատարակած «Քաղաքացիական դատավարություն», «Վարչական դատավարություն» և «Հողային իրավունք» առարկայական դասագրքերի շնորհանդեսը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով գրքերի հեղինակներին և ուսանողներին, ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանը խրախուսելով դասագրքերի լույսընծայումը, գիտական հոդվածների հրատարակումը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը, անում է ամեն հնարավորը «հետազոտական համալսարան» ունենալու ուղղությամբ:
Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնը նախաձեռնել և մշակել էր դասագրքերի հրատարակությունը: Իր առջև դրված հիմնական խնդիրը, որն ամբիոնը լուծել է, օրենսդրության փոփոխություններին զուգահեռ՝ նոր դասագրքերի առկայությունն էր, որոնց շնորհիվ ուսանողները կկարողանան մատուցվող նյութը հեշտությամբ յուրացնել և ծանոթանալ առարկաներին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, խոսելով հրատարակված գրքերի անհրաժեշտությունից և կարևորությունից, ասաց, որ ֆակուլտետը նպատակաուղղված է շարունակելու նոր դասագրքերի հրատարակումը, որպեսզի ուսանողները ձեռքի տակ ունենան համակարգված նյութեր:
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ դասագրքերի հեղինակային կազմում ներառված են ոչ միայն գիտությամբ զբաղվող, այլև գիտությունը և պրակտիկան համատեղող դասախոսները:
Շնորհանդեսը ևս մեկ առիթ էր համալսարանի ներսում գիտություն և պրակտիկա կապը ամրապնդելու համար, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն տալու մասնագիտական հանրույթի հետ շփվելու:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և դատավոր Հովսեփ Բեդևյանը, կարևորելով գիտություն-պրակտիկա կապը, նշեցին, որ գիտական նվաճումների զարգացումները մշտապես կարևոր են ոչ միայն ուսանողների, այլև մասնագիտական հանրույթի համար:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ԲԴԽ, ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության ներկայացուցիչներ, Սահմանադրական և վճռաբեկ դատարանների նախագահները, Քաղաքացիական և վարչական պալատների անձնակազմերը և հրավիրյալ այլ հյուրեր։