Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1875 թ. դեկտեմբերի 7-ին Շուշիում: Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում:
1903 թ. Հայդելբերգի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան: Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում առժամանակ զբաղվել է ֆիզքիմիական ու մանրէաբանական հետազոտություններով: Վերադառնալով Շուշի՝ 1904-1907 թթ. քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում:
1907-1920 թթ. Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբորատորիան: 1917 թ. ընդունվել է կոմկուսի շարքերը, 1918 թ.՝ դարձել Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար: 1920-1921 թթ. աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921 թ.՝ փոխադրվել Երևան և աշխատել ժողկոմխորհում:
1922-1930 թթ. լինելով ԵՊՀ ռեկտոր՝ 1924 թ. համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոնը, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937 թ. գործել է բժշկական ինստիտուտում: 1925 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1936 թթ. եղել է ԵրԲԻ ռեկտոր: 1936 թ. սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն:
Գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են C վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները: Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների: Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման, ինչպես նաև ներկայի գլխավոր մասնաշենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են նրա անվան հետ:
Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր:
Բազմիցս եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:
1935 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1937 թ. սեպտեմբերին հեռացվել է կոմկուսի շարքերից՝ մեղադրվելով հակահեղափոխական տարրերի և Աղասի Խանջյանի հետ կապեր ունենալու մեջ: Չորս օր հետո՝ 1937 թ. սեպտեմբերի 24-ին ձերբակալվել և 1941 թ. սեպտեմբերի 3-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, աքսորվել Ղազախստան, որտեղ և մահացել է նույն թ. նոյեմբերին:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: