Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1894 թ. հունվարի 1-ին Դիլիջանում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը:
1920-1922 թթ. աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ:
1922-1926 թթ. սովորել է Մոսկվայի կոմունիստական դաստիարակության ակադեմիայում: 1926 թ. նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան: Շուրջ 20 տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը: 1930-1931 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր, 1934 թ. նշանակվել Երևանի նորաստեղծ մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937 թ.՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941-ին՝ դպրոցների ԳՀԻ տնօրեն:
1937 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1948 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1957 թ. ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
Հեղինակ է հայ մանկավարժության և դպրոցի պատմությանը նվիրված գիտական մի շարք հոդվածների և մենագրությունների, որոնցից են՝ «Հայ մեծ լուսավորիչ- մանկավարժ Խ.Աբովյանը» (Եր., 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Եր., 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին» (Եր., 1964) և այլն:
1945 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1972 թ. դեկտեմբերի 14-ին Երևանում: