Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1903 թ. նոյեմբերի 22-ին Վանի նահանգի Գավաշ գավառի Պատականց գյուղում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1928 թ.՝ ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում:
1930-1933 թթ. սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում և ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում:
1933 թ. պաշտպանել է թեկնածուական, 1945 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1936 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1922 թ. եղել է կոմերտմիության Արտաշատի շրջանային կոմիտեի, այնուհետև՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933 թթ.՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935 թթ.՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-1936 թթ.՝ Երևանի ՄԼԻ տնօրեն, ՀԿ(բ)Կ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ՀԳՄ քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր:
1937 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր: 1937 թ. նոյեմբերի 5-ին ձերբակալվել է՝ մեղադրվելով հակահեղափոխական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու, Հայաստանը Խորհրդային Միության կազմից անջատելու ուղղությամբ վնասակար աշխատանքներ կատարելու մեջ: 1938 թ. հուլիսի 20-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում՝ 5 տարի քաղաքական իրավունքի զրկմամբ և ամբողջ գույքի բռնագրավմամբ: Սակայն 1941 թ. մարտի 6-ին դատավճիռը համարվել է չեղյալ, և նա ազատվել է պատժի կրումից:
1941-1948 թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955 թթ.՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր, 1955-1970 թթ.՝ ԵՊՀ փիլիսոփոայության, 1970-1978 թթ.՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի, ապա՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
Հայագիտության կարևորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է: Հեղինակ է 100-ից ավելի գիտական հոդվածների, գրքերի ու մենագրությունների, որոնցից են՝ «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ լենինիզմը» (Եր., 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուս., Եր., 1956), «Մարքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուս., Եր., 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն» (հհ. 1-4, Եր., 1956 – 1965, մեկ գրքով՝ ռուս., 1972 և հայերեն՝ 1976), «Դավիթ Անհաղթ» (Եր., 1980), «Փիլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուս., Եր., 1981) և այլն:
Մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրատման գործում. երկար տարիներ եղել է փիլիսոփայության մասնագիտական խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ–ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը:
1963 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Վախճանվել է 1981 թ. ապրիլի 10-ին Երևանում:
Երևանի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի պատին ամրացված է հուշատախտակ: