Կուսակցական-պետական գործիչ
Ծնվել է 1902 թ. օգոստոսի 30-ին ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան: 1919 թ. մասնակցել է «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական կազմակերպության ժողովներին և ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը:
1920 թ. մայիսմեկյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար բանտարկվել է և դատարանի որոշմամբ արտաքսվել Հայաստանից: Մեկնել է Թիֆլիս, ապա՝ Բաքու, այնուհետև գործուղվել է ուսանելու Մոսկվայի կոմունիստական ակադեմիայում: 1921 թ. ավարտելով իննամսյա դասընթացը՝ նշանակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ տրանսպորտային ենթաբաժնի վարիչ, այնուհետև՝ Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) կուսգավկոմի քարտուղար, 1923 թ.՝ ՀԿ(բ)Կ ԿԿ կազմբաժնի վարիչի տեղակալ: 1926 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և նշանակվել ՀԿ(բ)Կ ԿԿ կազմբաժնի վարիչի տեղակալ, ապա՝ Երքաղկոմի երկրորդ քարտուղար:
1929 թ. գործուղվել է ուսանելու Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո 1933 թ. վեց ամսով գործուղվել է Գերմանիա, վերադարձից հետո նշանակվել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) ՄՏԿ քաղբաժնի պետ, ապա՝ հողժողկոմատի ՄՏԿ-ների քաղվարչության պետ: 1935 թ. աշխատել է ՀԿ(բ)Կ ԿԿ արդյունաբերական-տրանսպորտային բաժնի, ապա՝ գյուղատնտեսական բաժնի վարիչ:
1936 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1937 թ. հունվարի 17-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն երեք ամիս չանցած՝ հեռացվել է կոմկուսի շարքերից, զրկվել շքանշանից, ազատվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից և ձերբակալվել՝ մեղադրվելով հայաստանյան հակասովետական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Հարցաքննվել է ընդամենը մեկ անգամ՝ հոկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 28-ին կայացվել է գնդակահարության վճիռ, որն ի կատար է ածվել նույն օրը:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: