Ֆիզիոլոգ
Ծնվել է 1886 թ. օգոստոսի 20-ին Վաղարշապատում: 1906 թ. ավարտելով Երևանի արական գիմնազիան՝ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912 թ. և աշխատանքի անցել նույն համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնում:
1919 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ՝ կենսաբանության և մաթեմատիկայի ուսուցիչ: 1921 թ. հրավիրվել է ԵՊՀ, դասավանդել «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» առարկաները: 1922 թ. նրա ջանքերով ԵՊՀ -ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան:
1922-1935 թթ. ղեկավարել է ֆիզիոլոգիայի ամբիոնը: 1933-ից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր՝ միաժամանակ կատարելով ՀԽՍՀ ՄԼԻ բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները:
Մեծ է նրա ներդրումը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում:
Զբաղվելով գիտական աշխատանքով՝ ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա:
Վախճանվել է 1935 թ. ապրիլի 22-ին Երևանում:
1973-ից ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է Տ. Մուշեղյանի անունը: