Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1902 թ. սեպտեմբերի 10-ին Գորիսում: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում: 1929 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1934 թ.՝ ասպիրանտուրան: 1938 թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:
1955 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1964 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1965 թ. ընտրվել է բնագիտության ու տեխնիկայի պատմության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:
1934-1936 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան՝ միաժամանակ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1938-1941 թթ.՝ ռեկտոր:
1941 թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել, վերադարձել Երևան և մինչև 1949 թ. աշխատել որպես ՀԽՍՀ ԳԱ նախագահության գիտնական- քարտուղար:
1949-1957 թթ. կրկին եղել է ԵՊՀ ռեկտոր: Նրա ռեկտորության տարիներին սկսվել է ԵՊՀ ներկայիս համալիրի կառուցումը:
Գիտության պատմության խնդիրներով զբաղվել է 1940-ականներից: Նրա բազմամյա գիտական հետազոտությունների արգասիքն են «Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում» (Եր., 1959), «Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից (հոդվածներ և հրապարակումներ)» (Եր., 1986) հիմնարար աշխատությունները: Համահեղինակ է նաև «Անանիա Շիրակացու մատենագրությունը» (Եր., 1979) աշխատության, եղել է «Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում» մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը:
1938-1947 և 1951-1955 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ, 1954-1958 թթ.՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:
1967 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և բազմաթիվ մեդալներով:
Վախճանվել է 1997 թ. դեկտեմբերի 12-ին Երևանում: