Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1909 թ. դեկտեմբերի 26-ին Բաքվում: 1930 թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը, 1933 թ.՝ ասպիրանտուրան:
1936 թ. պաշտպանել է թեկնածուական, 1950 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1951 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Մինչև 1937 թ. եղել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1937 թ. վերադարձել է Հայաստան և աշխատել ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում (Արմֆան) որպես գիտքարտուղար, 1938-1940 թթ.՝ Արմֆանի «Տեղեկագրի» խմբագիր, 1940-1941 թթ.՝ նախագահության անդամ, ինչպես նաև տնօրենի՝ ակադեմիկոս Հ. Օրբելու տեղակալ: Միաժամանակ դասախոսել է ԵՊՀ-ում և ՀԳԻ-ում: 1943-1949 թթ. եղել է Հայաստանի ԳԱ գենետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1950-1980 թթ. ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963 թ.՝ նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան: 1950-1963 թթ. և 1968-1978 թթ. եղել է Կենսաբանության ֆակուլտետի դեկան, 1963-1966 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր:
Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ «Сравнительное изучение вегетативных и половых гибридов у растений» (Ер., 1950) մենագրության և «Բույսերի գենետիկայի՝ սելեկցիայի հիմունքներով գործնական պարապմունքների ձեռնարկ» (Եր., 1959) գրքի:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 38 և դոկտորական 2 ատենախոսություն:
Շուրջ 30 տարի խմբագրել է ՀԽՍՀ ԳԱ «Հայաստանի կենսաբանական հանդես»-ը:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1983 թ. մարտի 31-ին Երևանում: