Մարտ-ապրիլ, 2017թ.
Ծրագրի նպատակը և խնդիրները
- Ուսանողներին կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռումը
- Ուսանողական տարիներին հասարակական ակտիվության և լիդերության խթանումը, որը հիմք կարող է հանդիսանալ կարիերայի ճիշտ կառուցման համար
- Երիտասարդ մասնագետների և գործատուի միջև միջնորդ հանդիսանալը
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ծրագիրը մեկնարկել է «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Անանյանի հետ հանդիպումով: Բանախոսը ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոսել է ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև առկա անմիջական կապի մասին, անդրադարձել «լիդեր» հասկացության ժամանակակից մոտեցումներին և հասարակական ընկալումներին:
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին, «Beeline Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանին, ծանոթանալ կազմակերպությունների գործունեությանը, կադրային քաղաքականությանը:
Հանդիպումներից զատ նրանք մասնակցել են Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների մասնագետների կողմից անցկացվող տարաբնույթ դասընթացներին, ձեռք են բերել տարբեր ոլորտների աշխատանքային հմտություններ:
Ծրագրի հաջորդ փուլը մասնակիցների նախընտրած ոլորտի կազմակերպությունում հարցազրույցի անցկացումն ու համապատասխան առաջարկի ներկայացումն էր:
Համագործակցություն ծրագրի շրջանակներում
Ծրագրի ընթացքում կենտրոնը համագործակցել է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Beeline Հայաստան» ընկերության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ:
Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ն ընդլայնեց իր համագործակցության շրջանակը՝ հուշագիր ստորագրելով ծրագրի երկու մասնակից կազմակերպությունների՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ու «Beeline Հայաստան» ընկերության հետ:
Ծրագրի սպասվելիք արդյունքեր
- Ուսանողի մոտ կարիերայի պլանավորման կարևորության և դրանում լիդերության նշանակության գիտակցման մակարդակի բարձրացում
- Ուսանողներին աշխատանքի անցնելու հնարավորության ընձեռում
- Լրացուցիչ պրակտիկայի (ինթերնշիփ) հնարավորության ընձեռում
- Կադրերի պահեստային ցանկում հայտնվելու հնարավորություն
Ծրագրին մասնակցել է 90 համալսարանական՝ ինչպես ուսանող, այնպես էլ շրջանավարտ: Մասնակիցներից 30-ը կազմակերպությունների կողմից ստացել են աշխատանքի կամ պրակտիկա անցնելու առաջարկ: