17.06.2024
Սիրելի՛ համալսարանականներ, հարգարժա՛ն հյուրեր և, իհարկե, սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր այս հարթակից և այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ, որ խոսենք շրջանավարտ լինելու խորհրդի մասին, համալսարանի և համալսարանական համայնքի մասին, անհատական և կոլեկտիվ պատասխանատվության մասին։ Ուստի, այսօր խոսելու եմ ոչ միայն ու ոչ այնքան որպես ԵՊՀ ռեկտոր, այլև որպես ԵՊՀ շրջանավարտ և փորձելու եմ դիմել ոչ թե բոլորիդ, այլ յուրաքանչյուրիդ։
Կրթական այս շրջանի ավարտն ինքնին անցածդ ճանապարհը գնահատելու և ապագայի համար հեռանկար սահմանելու հնարավորություն է։ Այն պետք է օգտագործես՝ գնահատելու, թե ինչ ես ձեռք բերել և ինչպես ես օգտագործելու ձեռք բերածդ ապագայում։
Ձեռք ես բերել մասնագիտական գիտելիք, որն օգտագործելու ես կարիերայում հաջողության, նոր միտք ու հավելյալ արժեք ստեղծելու, քեզ շրջապատող մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր ու հարմարավետ դարձնելու համար։
Ձեռք ես բերել ընդհանուր պատկերացումներ աշխարհի, պետության, հասարակության, մարդկանց ու գործընթացների մասին, որոնք օգնելու և ուղղորդելու են քեզ կյանքումդ որոշումներ կայացնելիս որպես անհատ, քաղաքացի և հասարակության անդամ։
Ձեռք ես բերել ավագ ընկերներ և ուսուցիչներ, որոնց վարքագիծը, աշխարհընկալումն ու փորձը օգտագործելու ես որպես ինքնադրսևորման ու ինքնարտահայտման օրինակ։
Ձեռք ես բերել ընկերներ, որոնց հետ 20, 30, 40 տարի հետո էլ քեզ զգալու ես երիտասարդ, ուժով ու գաղափարներով լեցուն, զգալու ես, որ սեփական պատմությունն ու ավանդույթներն ունեցող միաբանության անդամ ես։
Այս ձեռքբերումներն ի մի բերելով՝ կարող եմ ասել, որ կյանքիդ այս շրջափուլում ձեռք ես բերել ինքնությանդ ամենակարևոր բաղադրիչներից մեկը, որը կարելի է սահմանել հետևյալ կերպ՝ դարձել ես ԵՊՀ շրջանավարտ, մեծ համայնքի անդամ, որը պատիվ բերող և պատասխանատվություն ենթադրող կարգավիճակ է։
Յուրաքանչյուրիդ որոշումն է լինելու, թե ինչպես կօգտվեք այս կարգավիճակից, պատասխանատվության ինչ բաժին կստանձնեք։ Բայց մենք՝ որպես ձեր ինքնության այդ հատվածի մի մասնիկ, միշտ պատրաստ ենք կիսելու համայնքի անդամ լինելու պատասխանատվությունը և շարունակաբար հնարավորություններ ստեղծելու այդ կարգավիճակից առավելագույնս օգտվելու համար։
Սիրելի՛ դասախոսներ,
Այս օրը շատ լավ հնարավորություն է գնահատելու մեր գործունեության այս շրջափուլը, և ինչ-որ իմաստով այսօր մենք էլ շրջանավարտ ենք։ Ես չեմ ցանկանում ուսումնական տարվա հաշվետվություն ներկայացնել, սակայն չեմ կարող չօգտագործել այս առիթը և չխոսել մեր առաջնահերթությունների, անելիքների և ակնկալիքների մասին։
Բոլորս գիտենք, որ ապրում ենք բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որ շատ են վտանգները, մեծ է ցավը, բազմաթիվ են մեր ամենօրյա գործունեության վրա ազդող հանգամանքները։ Այս իրողությունը հավելյալ պատասխանատվություն է դնում մեր ուսերին։ Համալսարանը՝ որպես Հայաստանի Հանրապետության մտավոր ինքնիշխանության կարևորագույն կենտրոն, պետք է անի ամեն բան, որ մեր պետությունն ու հասարակությունը շարունակաբար համալրվեն մոտիվացված, բանիմաց, առաջադեմ, ինչպես նաև միջավայր փոխող, զարգացում ապահովող, դժվարություններ ու ճգնաժամեր հաղթահարող անհատականություններով։ Սա է մեր առաքելությունը, սրան պետք է ուղղված լինեն մեր բոլոր ջանքերն ու ծրագրերը։ Ուստի, մենք պիտի շարունակենք բարելավել և մեզ շրջապատող աշխարհի առաջնահերթություններին համապատասխանեցնել մեր կրթական ծրագրերը, շարունակենք հետազոտել և գիտական նոր ձեռքբերումներ արձանագրել, համատեղ նոր նշաձող սահմանենք մեր գործընկերների հետ համագործակցության համար, պետք է անենք այս ամենը միասնաբար, ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։
Ամփոփելով ելույթս՝ շնորհակալություն եմ հայտնում մեր դասախոսներին և գիտնականներին, կրթության կազմակերպիչներին, բոլոր գործընկերներին աշխատասիրության, նվիրումի, համագործակցության և նախաձեռնողականության համար։
Շնորհակալություն եմ հայտնում մեր շրջանավարտներին, բոլոր ուսանողներին և նրանց ընտանիքներին՝ համալսարանին վստահելու և մեր մեծ համայնքի մասը կազմելու համար։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, սիրելի՛ շրջանավարտներ, և ասում եմ ձեզ՝ բարի երթ և բարի գալուստ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների համայնք։
Ելույթի ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝ www.facebook.com։