04․07․2024 թ․
Հայաստանի ազգային գրադարանի հարգելի՛ տնօրեն, աշխատակիցներ և ընթերցողներ,
ողջունում և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիս գրադարանի՝ պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակի կապակցությամբ։ Այս նշանակալից տարեդարձը հրաշալի առիթ է խոսելու այն կարևոր առաքելության մասին, որ Հայաստանի ազգային գրադարանը կատարում է մեր մտավոր ժառանգության պահպանման ու տարածման գործում։
Գրադարանն արդեն 105 տարի շարունակ ծառայում է որպես գիտելիքի աղբյուր և ընթերցողների ոգեշնչման վայր, միավորում է սերունդներ ու նպաստում մեր հասարակության զարգացմանը։ Այն մշտապես եղել ու մնում է կրթվելու և ստեղծագործելու կենտրոն։ Գրադարանը կարևոր դեր ունի ոչ միայն գրքերի և փաստաթղթերի պահպանման, այլև թվայնացման, հետազոտական աշխատանքի խթանման և գիտակրթական միջոցառումների կազմակերպման գործում։
Պատահական չէ, որ Երևանի պետական համալսարանի հիմնադրումից ամիսներ անց ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանը։ Ավելի քան մեկ դար այս երկու կառույցները համագործակցաբար նպաստել են մեր երկրի կրթական, գիտական և մշակութային կյանքի առաջընթացին՝ լինելով մեր ժողովրդի ինտելեկտուալ հարստության անքակտելի բաղադրիչները և սերունդներին գիտելիք ու մշակույթ փոխանցելու կարևոր կենտրոնները։
Հայաստանի ազգային գրադարանը մշտապես աջակցել է համալսարանի ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին՝ տրամադրելով անհրաժեշտ գրականություն ու տեղեկատվություն։ Ես վստահ եմ, որ համալսարանի և գրադարանի համագործակցությունը, էլ ավելի խորանալով, շարունակելու է նպաստել նորարարական գաղափարների ձևավորմանը, գիտական հետազոտությունների առաջընթացին և մշակութային արժեքների պահպանմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ և բազում ձեռքբերումներ։ Թող Հայաստանի ազգային գրադարանը մշտապես մնա գիտելիքի և մշակույթի լուսավոր կենտրոն։