Սեպտեմբերի 9-13-ը «Էրազմուս+» T4GREEN («Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը՝ հանուն կանաչ և թվային անցման») ծրագրի շրջանակում Բեյրայի Ինտերիոր համալսարանում (Պորտուգալիա) հյուրընկալվել էին ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ:
Այցի նպատակն էր ծանոթանալ «Էրազմուս+» ծրագրի «T4GREEN» նախագծի ԵՄ գործընկերներ Մասարիկի (Չեխիա), Վալյադլոիդի (Իսպանիա) և Բեիրայի Ինտերիոր համալսարանների (Պորտուգալիա) մանկավարժական կրթության իրականացման փորձին ինստիտուցիոնալ ու ազգային
մակարդակներում:
Ծրագրին իրենց մասնակցություն են ցուցաբերել նաև ԵՊՀ գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Մերի Հովհաննիսյանը, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, մ.գ.թ. Լուսինե Հայրապետյանը, նույն կենտրոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում Մերի Հովհաննիսյանը, կարևորելով նախագծի որդեգրած «կանաչ քաղաքականությունը» ու բնապահպանական խնդիրները կրթական բովանդակության մեջ ինտեգրելու նպատակը՝ որպես մանկավարժական կրթության առանցքային հիմնահարց, ընդգծեց, որ նմանօրինակ վերապատրաստումը ոչ միայն փորձի փոխանակման, համապատասխան կարողությունների զարգացման, այլև մանկավարժական գիտելիքի նորովի մեկնաբանման ու կիրառման անհրաժեշտ նախադրյալ է ստեղծում՝ հայացքն ուղղելով դեպի ապագային միտված կրթություն:
Աննա Կարապետյանը նախագծի իրականացումը բնորոշեց որպես մանկավարժական կրթության կարևոր բարեփոխում, որը, անշուշտ, կնպաստի ուսումնական գործընթացի զարգացմանը, հնարավորություն կտա սովորողների շրջանում ձևավորելու «կանաչ հմտություններ» ու կանաչ կենսակերպ:
Լուսինե Հայրապետյանը նշեց, որ սեմինարը հնարավորություն է տվել մի կողմից նորովի արժևորելու առկա մանկավարժական փորձառությունն ու գիտելիքը, մյուս կողմից՝ համադրելու այն համաշխարհային միտումների հետ՝ ձեռք բերելով նոր փորձառություն:
Լիլիթ Սարգսյանն էլ շեշտեց, որ ծրագրի շրջանակում ստեղծված բազամամշակութային միջավայրում ամրապնդվել են ոչ միայն թեմային առնչվող տեսական ու գործնական գիտելիքները, այլ նաև ձեռք են բերվել կապեր արտասահմանյան գործընկերների հետ:
Ծրագրի շրջանակում քննարկվեցին մի շարք կարևորագույն թեմաներ, այդ թվում՝ մանկավարժական կրթության քաղաքականություններն ու պրակտիկաները Եվրոպայում, STE(A)M կրթության զարգացման հարցեր, ինչպես նաև ներկայացվեցին ԵՄ-ում կրթական բարեփոխումների հաջողված օրինակներ: