ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Լ. Կարապետյանը ս.թ. սեպտեմբերի 25-26-ը ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ մասնակցեց «EMERGE-2024» միջազգային տեխնոլոգիական համաժողովին:
«EMERGE-2024» տեխնոլոգիաների և ստարտափների միջազգային համաժողովին մասնակցում էին Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և այլ շրջաններից ժամանած բազմաթիվ խոսնակներ: Գիտաժողովի ընթացքում անցկացվեցին ժամանակակից տեխնոլոգիաների, ստարտափների զարգացման և նորարարություններին վերաբերող հանդիպումներ, գործնական քննարկումներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ամենաարդիական թեմաներին ծանոթանալու ոլորտի առաջատարների՝ «Microsoft»-ի, «Google»-ի, «Social Discovery Group»-ի, «Founder Institute»-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից՝ ներգրավվելով նորարարական գաղափարների և AI տեխնոլոգիաների շուրջ քննարկումներում և ուսումնասիրելով տեխնոլոգիաների ազդեցությունը ապագա բիզնես միջավայրի վրա։
Համաժողովը համախմբել էր ավելի քան 250 ստարտափների և 2000 բարձր որակավորում ունեցող տեխնոլոգիական մասնագետների զարգացող շուկաներից:
Հիշեցնենք, որ հայ տեխնոլոգիական ներդրող և ձեռներեց Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել «EMERGE» համաշխարհային տեխնոլոգիական իրադարձությունների ընկերությունը, որը 2017 թվականից ի վեր կապում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական էկոհամակարգերը:
Վերջին յոթ տարիների ընթացքում «EMERGE»-ը տարբեր միջոցառումների շրջանակում հյուրընկալել է ավելի քան 18 000 մասնակիցների՝ առանձնահատուկ կարևորելով զարգացող տեխնոլոգիական կենտրոնները, ինչպիսիք են Երևանը, Մինսկը, Ստամբուլը և Դուբայը:
Նշենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված «EMERGE» համաժողովի գործընկերն էր, ինչը հնարավորություն տվեց ֆակուլտետի՝ բարձր առաջադիմություն ունեցող երկու տասնյակից ավելի ուսանողների մասնակցելու համաժողովին անվճար հիմունքներով: