November 12, 2024 | 16:26
Science
Education
International cooperation
Exploring new collaboration prospects: YSU enhances ties with Universities of Bucharest and Sofia
Representatives from the Faculty of Oriental Studies at Yerevan State University (YSU) participated in conferences held at Sofia University (Bulgaria) and the University of Bucharest (Romania), where they established new academic and educational connections with the aim of enhancing collaborative ties with international partners and promote the development of Iranian Studies at YSU.
Նշյալ համալսարաններում անցկացված գիտաժողովներն առանցքային նշանակություն ունեին ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ ապահովելով միջազգային համագործակցության նոր հնարավորություններ, այլև ուսանողների համար՝ խրախուսելով նրանց իրենց մասնագիտական ուղին շարունակելու գիտության ոլորտում։
Սոֆիայի համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր համալսարանի իրանագիտության ամբիոնի հիմնադրման 30-ամյակին, մասնակցել են իրանագիտության ոլորտի առաջատար մասնագետներ և երիտասարդ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Գիտաժողովի ժամանակ գիտնականները քննարկել են տարածաշրջանային ուսումնասիրությունների արդի միտումներն ու գիտական նորագույն մոտեցումները։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից գիտաժողովին մասնակցել են բ․գ․թ․, դոցենտ Արտյոմ Տոնոյանը, ասիստենտ Նունիկ Դարփինյանը, պ․գ․թ․, ասիստենտ Լիանա Պետրոսյանը, ինչպես նաև դասախոսներ Արփինե Առուշանյանը, Ահարոն Վարդանյանը, Գարիկ Միսակյանը, Նարե Գևորգյանը և Սիրանուշ Վարդանյանը։ Նրանք ներկայացրել են իրենց վերջին հետազոտությունները և քննարկել գիտական համագործակցության հնարավորությունները։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լիանա Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի պետական և Սոֆիայի համալսարանների համագործակցությանը, նշեց․ «Սոֆիայի համալսարանում անցկացված գիտաժողովի նյութերը պատրաստվում են տպագրության։ Նախատեսվում է նաև փոխանակման ծրագրերի ընդլայնում, իսկ առաջիկայում՝ Սոֆիայի համալսարանի ներկայացուցիչների այց ԵՊՀ՝ համագործակցությունը խթանելու նպատակով»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Ահարոն Վարդանյանը, խոսելով գիտաժողովի շրջանակում անցկացված քննարկումներից և արտասահմանցի գործընկերների հետ հանդիպումներից, ընդգծեց, որ Սոֆիայի համալսարանի գործընկերների առաջարկի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնելու պարսից լեզվի 4, 6 և 12-շաբաթյա դասընթացներ օտարերկրյա ուսանողների համար՝ նպատակ ունենալով նպաստելու ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնմանը։
Բուխարեստի համալսարանում (Ռումինիա) տեղի ունեցած Իրանագիտական առաջին միջազգային գիտաժողովին մասնակցել են բ․գ․թ․, դոցենտ Հակոբ Ավչյանը, պ․գ․թ․ Լիանա Պետրոսյանը, դասախոսներ Արփինե Առուշանյանը և Գարիկ Միսակյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները հանդես են եկել նեղ մասնագիտական զեկուցումներով․ Լիանա Պետրոսյանը և Գարիկ Միսակյանը ներկայացրել են «Կարմիր Քրդստանի» վերաբերյալ թեմայով, Հակոբ Ավչյանը՝ լեզվաբանական թեմայով, Արփինե Առուշանյանը՝ Մերձավոր Արևելքի ծայրահեղ շիայական հոսանքներին առնչվող զեկուցումներ:
Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Բուխարեստի համալսարանի իրանագիտության բաժնի ղեկավարների հետ, որոնք բարձր են գնահատել ոլորտում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները։
Ըստ Գարիկ Միսակյանի՝ Բուխարեստի համալսարանի ներկայացուցիչներն իրենք են փաստել, որ իրենց համալսարանում իրանագիտական գրականությունը սահմանափակ է՝ հիմնականում ստացված Իրանի հյուպատոսությունից, մինչդեռ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը համարվում է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը՝ հարուստ նեղ մասնագիտական գրականությամբ։
Նշենք, որ Արտյոմ Տոնոյանը, Լիանա Պետրոսյանը և Գարիկ Միսակյանը երկու գիտաժողովներին մասնակցել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» նախագծի «Ադրբեջանական Հանրապետության քրդերը և «Կարմիր Քրդստանի» խնդիրը Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրողությունների համատեքստում» ծրագրի շրջանակում։
Հավելենք, որ 2025 թ․ դեկտեմբերին Քեմբրիջի համալսարանի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում նախատեսվում է անցկացնել միջազգային գիտաժողով, որին հրավիրվել են նաև Սոֆիայի և Բուխարեստի համալսարանների ներկայացուցիչները՝ նոր համագործակցությունների հիմք ստեղծելու նպատակով։