- Գլխավոր
- Նորություններ
- Ուղենշելով գործակցության նոր հեռանկարներ․ ԵՊՀ-ն ամրապնդում է կապերը Բուխարեստի և Սոֆիայի համալսարանների հետ
Նոյեմբեր 12, 2024 | 16:26
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուղենշելով գործակցության նոր հեռանկարներ․ ԵՊՀ-ն ամրապնդում է կապերը Բուխարեստի և Սոֆիայի համալսարանների հետ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները, մասնակցելով Սոֆիայի (Բուլղարիա) և Բուխարեստի (Ռումինիա) համալսարաններում անցկացված գիտաժողովներին, հաստատել են գիտակրթական նոր կապեր՝ նպատակ ունենալով ամրապնդելու գործակցային կապերը օտարերկրյա գործընկերների հետ և խթանելու համալսարանում իրանագիտության զարգացումը։
Նշյալ համալսարաններում անցկացված գիտաժողովներն առանցքային նշանակություն ունեին ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ ապահովելով միջազգային համագործակցության նոր հնարավորություններ, այլև ուսանողների համար՝ խրախուսելով նրանց իրենց մասնագիտական ուղին շարունակելու գիտության ոլորտում։
Սոֆիայի համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր համալսարանի իրանագիտության ամբիոնի հիմնադրման 30-ամյակին, մասնակցել են իրանագիտության ոլորտի առաջատար մասնագետներ և երիտասարդ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Գիտաժողովի ժամանակ գիտնականները քննարկել են տարածաշրջանային ուսումնասիրությունների արդի միտումներն ու գիտական նորագույն մոտեցումները։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից գիտաժողովին մասնակցել են բ․գ․թ․, դոցենտ Արտյոմ Տոնոյանը, բ․գ․թ․, դոցենտ Նունիկ Դարբինյանը, պ․գ․թ․, ասիստենտ Լիանա Պետրոսյանը, ինչպես նաև դասախոսներ Արփինե Առուշանյանը, Ահարոն Վարդանյանը, Գարիկ Միսակյանը, Նարե Գևորգյանը և Սիրանուշ Վարդանյանը։ Նրանք ներկայացրել են իրենց վերջին հետազոտությունները և քննարկել գիտական համագործակցության հնարավորությունները։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լիանա Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի պետական և Սոֆիայի համալսարանների համագործակցությանը, նշեց․ «Սոֆիայի համալսարանում անցկացված գիտաժողովի նյութերը պատրաստվում են տպագրության։ Նախատեսվում է նաև փոխանակման ծրագրերի ընդլայնում, իսկ առաջիկայում՝ Սոֆիայի համալսարանի ներկայացուցիչների այց ԵՊՀ՝ համագործակցությունը խթանելու նպատակով»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Ահարոն Վարդանյանը, խոսելով գիտաժողովի շրջանակում անցկացված քննարկումներից և արտասահմանցի գործընկերների հետ հանդիպումներից, ընդգծեց, որ Սոֆիայի համալսարանի գործընկերների առաջարկի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնելու պարսից լեզվի 4, 6 և 12-շաբաթյա դասընթացներ օտարերկրյա ուսանողների համար՝ նպատակ ունենալով նպաստելու ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնմանը։
Բուխարեստի համալսարանում (Ռումինիա) տեղի ունեցած Իրանագիտական առաջին միջազգային գիտաժողովին մասնակցել են բ․գ․թ․, դոցենտ Հակոբ Ավչյանը, պ․գ․թ․ Լիանա Պետրոսյանը, դասախոսներ Արփինե Առուշանյանը և Գարիկ Միսակյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները հանդես են եկել նեղ մասնագիտական զեկուցումներով․ Լիանա Պետրոսյանը և Գարիկ Միսակյանը ներկայացրել են «Կարմիր Քրդստանի» վերաբերյալ թեմայով, Հակոբ Ավչյանը՝ լեզվաբանական թեմայով, Արփինե Առուշանյանը՝ Մերձավոր Արևելքի ծայրահեղ շիայական հոսանքներին առնչվող զեկուցումներ:
Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Բուխարեստի համալսարանի իրանագիտության բաժնի ղեկավարների հետ, որոնք բարձր են գնահատել ոլորտում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները։
Ըստ Գարիկ Միսակյանի՝ Բուխարեստի համալսարանի ներկայացուցիչներն իրենք են փաստել, որ իրենց համալսարանում իրանագիտական գրականությունը սահմանափակ է՝ հիմնականում ստացված Իրանի հյուպատոսությունից, մինչդեռ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը համարվում է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը՝ հարուստ նեղ մասնագիտական գրականությամբ։
Նշենք, որ Արտյոմ Տոնոյանը, Լիանա Պետրոսյանը և Գարիկ Միսակյանը երկու գիտաժողովներին մասնակցել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» նախագծի «Ադրբեջանական Հանրապետության քրդերը և «Կարմիր Քրդստանի» խնդիրը Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրողությունների համատեքստում» ծրագրի շրջանակում։
Հավելենք, որ 2025 թ․ դեկտեմբերին Քեմբրիջի համալսարանի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում նախատեսվում է անցկացնել միջազգային գիտաժողով, որին հրավիրվել են նաև Սոֆիայի և Բուխարեստի համալսարանների ներկայացուցիչները՝ նոր համագործակցությունների հիմք ստեղծելու նպատակով։