February 07, 2025 | 12:00
Science
Education
From science to production: New equipment to enhance scientific results
The Quantum Phenomena Research and Modeling Laboratory at YSU Institute of Physics has received new equipment that will expand research opportunities and facilitate the production of results that meet international standards. The new device will enable new experiments, allow for the development of materials with novel properties, and advance studies toward practical applications.
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/01_3.jpg?h=b6c84428&itok=UREWbz5f)
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների մրցույթի» շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիան վերազինվել է SAFTherm STD-36-17 խցիկային վառարանով, իսկ առաջիկայում ձեռք կբերի նաև առաձգական ալիքների արագությունը չափող սարք։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/nk_saftherm_std-36-17.jpg?itok=6leeVqde)
Նախկինում գիտական խումբը սինթեզման գործընթացը իրականացնում էր ցածր ջերմաստիճանային պայմաններում, իսկ այժմ նոր սարքավորումների շնորհիվ նրանք կարող են աշխատել արդեն 1600°C բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ բարձրացնելով փորձարկումների հնարավորությունները։
«Սինթեզումից հետո նյութերն արագ սառեցվում են՝ վերածվելով գերհագեցած պինդ լուծույթի։ Հետագա ջերմամշակման ժամանակ նյութի մեջ ձևավորում ենք նանոչափական բյուրեղներ, որոնք էականորեն փոխում են նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունները։ Կերամիկական նյութերի բալիստիկ արդյունավետության բարձրացման ուղիներից մեկը ամրացնող լցոնիչների ներմուծումն է կերամիկա։ Որպեսզի կերամիկական մատրիցա ներմուծվեն անհրաժեշտ քանակությամբ միկրո և նանոչափանի մասնիկներ, նանոխողովակներ և այլ նյութեր, անհրաժեշտ է ունենալ 1600°C աշխատանքային ջերմաստիճանի վառարան, քանի որ այդ ջերմաստիճանում կտրուկ աճում է խառնուրդների լուծելիության գործակիցը։ Վստահ եմ, որ այս նոր վառարանը, որն ունի 36 լիտր ծավալ, բավարարում է մեր պահանջներին և կօգնի մեզ մեծացնելու խառնուրդների քանակը և ստանալու բարձրորակ նյութեր»,- ասում է Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Պետիկ Պետրոսյանը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/03_5.jpg?itok=JvucW1XT)
Գիտական խումբը լաբորատորիայում ուսումնասիրում է նանոկառուցվածքային ապակե կերամիկաների ֆիզիկամեխանիկական հատկությունները՝ կախված նյութի ստացման տեխնոլոգիական ռեժիմներից, ինչպես նաև՝ բաղադրությունից։ Եթե հետազոտություններն կատարվում են, օրինակ, պաշտպանության ոլորտի համար, ապա նրանք իրենց աշխատանքները նվիրում են նյութերի կարծրության մեծացմանը։ Եվ այո՛, արդեն 10 տարի է, ինչ Երևանի պետական համալսարանի քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայում հետազոտողները կատարելագործում են նյութերի կարծրությունը՝ ստեղծելով զրահաթիթեղներ, որոնք օգտագործվում են զրահաբաճկոններում, իսկ հետագայում դրանք ուղարկվում են Հայկական բանակ։
Ավելին, հեղինակային իրավունքներով ամրագրված այս նյութի ստեղծողները 2020 թվականին ստացել են ՀՀ նախագահի մրցանակ։
Գիտահետազոտական աշխատանքները լավարկելու նպատակով գիտական խմբին այլ սարքավորումներ են անհրաժեշտ, և նրանք նախատեսում են դրանք ձեռք բերել՝ մասնակցելով տարբեր մրցույթների։
Նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը մեծ նշանակություն ունի լաբորատորիայի զարգացման գործում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտահետազոտական համագործակցությունների համար: