
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 12-ին ուսանողների համար անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում ներկայացվեցին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության «Երիտասարդ մասնագետների ներգրավում» ծրագրի մանրամասները։
Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեցին ծրագրի բովանդակությունը, կարևորությունը, նպատակները, ծրագրին դիմելու մանրամասները, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև ծրագրի ընթացքում լավագույնս հանդես եկած ուսանողներին ընձեռվող աշխատանքի հնարավորությունները։
«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» տևողությունը 1 տարի է: Միանալով ծրագրին՝ մասնակիցները հնարավորություն ունեն ընտրելու գործակալության 6 բաժիններից 3-ը՝ փորձառությունն անցնելով հենց այդ թիմերում:
Աշխատելով գործակալության 3 տարբեր թիմերում՝ մասնակիցները ստանում են ամբողջական պատկերացում, փորձ և գիտելիք թվային վերափոխման ու թվայնացման մասին: Լավագույնները ծրագրի ավարտին հնարավորություն կունենան շարունակելու իրենց ճանապարհը գործակալությունում՝ ստանալով աշխատանքի առաջարկ:
Հանդիպման ընթացքում ուսանողները կազմակերպության ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես ծրագրին, այնպես էլ ընկերությունում կարիերա սկսելու մանրամասներին։