- Main
- Node
- ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի տարեկան գիտաժողովը՝ նախորդ տարվա ձեռքբերումների ամփոփում
April 28, 2025 | 15:54
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի տարեկան գիտաժողովը՝ նախորդ տարվա ձեռքբերումների ամփոփում
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի 2024 թվականի տարեկան հաշվետու գիտաժողովը: Ինստիտուտի ստորաբաժանումների ղեկավարները գիտաժողովի շրջանակում ներկայացրին տարվա ընթացքում կատարված գիտահետազոտական աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունները, իսկ ուսումնասիրված առավել հետաքրքիր թեմաների շուրջ զեկուցումներով հանդես եկան մի շարք աշխատակիցներ:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգև Բարսեղյանը նշեց․ «Այս գիտաժողովի միջոցով ամփոփում ենք կատարված աշխատանքները, ներկայացնում ստացած արդյունքները, արժևորում ստորաբաժանումների աշխատանքը։ Ոչ նեղ մասնագիտական թեմաներով զեկուցումներն էլ հնարավորություն են ընձեռում գիտաժողովի մասնակիցներին քննարկելու միջգիտակարգային բնույթի այլևայլ հարցեր»:
Նա ընդգծեց, որ Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը, լինելով ընդամենը երկու տարվա պատմություն ունեցող ամենաերիտասարդ կառույցներից մեկը, այսօր արդեն ունի նաև նորաստեղծ բաժիններ և համարվում է արագ զարգացող գիտական ստորաբաժանումներից մեկը:
Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին հետաքրքիր թեմաներով միջգիտակարգային բնույթի զեկուցումներ, մասնավորապես՝ «Թուխ մանուկ, սրբավայրերը», «Հայաստանի մեգալիթյան մշակույթը», «Հանրահավաքներից դեպի կոնֆլիկտ. Ղարաբաղյան հարցի կերպափոխումները ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում», «Դեվոլուցիոն դիսկուրսը և դրա արտահայտությունը հետբրեքզիտյան շոտլանդական իրականությունում», «Դավիթ Անհաղթի առեղծվածի լուծման նոր փորձ», «Հայերի տեղաբաշխվածությունը Քարթլիում և հոգևոր կյանքի կազմակերպումը 16-18-րդ դարերում»:
ԵՊՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի տարեկան հաշվետու գիտաժողովը հնարավորություն ընձեռեց ամփոփելու անցյալ տարվա աշխատանքները, ընդգծելու ձեռքբերումները և ի ցույց դնելու միջգիտակարգային հետազոտությունների կարևորությունը հումանիտար գիտության զարգացման համատեքստում: