- Main
- Node
- Կայացավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը
April 28, 2025 | 16:21
Հասարակություն
Միջոցառումներ
Քաղաքականություն
Կայացավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր, թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքի շնորհանդեսը: Նա ներկայացրեց թուրքական իշխանության քայլերը որպես ցեղային խտրականություն դիտարկելու իր փաստարկները:

Թաներ Աքչամը, որը առաջին անգամ էր հյուրընկալվում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ է, որոնցում քննարկվում և վերլուծվում են Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցեր։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը նշեց․ «Օրեր առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցն էր, որն է՛լ ավելի էր ծանրացել այն պատճառով, որ ցեղասպանությունները շարունակվում են մինչ օրս։ Կարծում եմ, որ այսօր առավել քան կարևոր է լսել, հասկանալ, զգալ, թե ինչ են մտածում ցեղասպանագետները ոչ միայն այն մասին, թե ինչ է եղել, այլև այն մասին, թե որոնք են մեզնից յուրաքանչյուրի անելիքները»:
Ողջունելով Թաներ Աքչամի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասնագիտական և մարդկային հանձնառությունը, Մխիթար Գաբրիելյանը հավելեց․ «Սա այն սակավ օրինակներից է, երբ մի մարդու ճանաչումը, գիրքը նպաստում է ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացմանը, ինչպես նաև նրան, որ նոր մարդիկ ներգրավվեն ցեղասպանագիտության դաշտում»:
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ներկայացնելով իր «Ապարտեիդի հարյուր տարի. Թուրքիայի Հանրապետության պատմություն» գիրքը, ընդգծեց այն հիմնական փաստարկները, որոնք առաջ է քաշել գրքում։
«Գիրքը գրելիս առաջնորդվել եմ երկու հիմնական տեսական մոտեցումներով․ մեկը` ազգերի ազատագրման, մյուսը` ազգ-պետության հաստատման: Գիրքը Թուրքիայի ստեղծման գործընթացի մասին է և այն պատմության, որը նկարագրում են որպես ազգի ազատագրման գործընթաց: Իմ առաջ քաշած փաստարկն այն է, որ Թուրքիան իր անկախության համար կռիվ տալու ճանապարհին 1918 թ. երկրում ստեղծեց ապարտեիդի ռեժիմ»,- ասաց նա:

Պատմաբանը, պատասխանելով իր իսկ առաջ քաշած այն հարցին, թե ինչու է Թուրքիան հեռու ժողովրդավար հանրապետություն լինելուց, երբ ընդունել է հավասար քաղաքացիության և մարդու իրավունքների սկզբունքը, նշեց․ «Եթե նայում ենք Թուրքիայի հիմնադրման պատմությանը, որը թուրքական պատմագրության մեջ ներկայացված է որպես ազատագրական պայքար, հնարավոր չէ հասկանալ, թե ինչու Թուրքիան երբեք չի կարող հիմնել ժողովրդավար երկիր: Ես չեմ մերժում այն փաստը, որ յուրաքանչյուր ազգ պետք է ունենա իր ինքնորոշման իրավունքը, սակայն եթե ուզում ենք հասկանալ այսօրվա խնդիրները` ռասիզմը, ժողովրդավարական ու մարդու իրավունքների խնդիրները, փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումները, ապա այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ միայն ազատագրական պայքարի հասկացության միջոցով: Թուրքիան պետք է դիտարկել որպես մի պետություն, որը ձևավորվել է 1915 թ․ հայերի ցեղասպանությամբ և 1918 թ. հետո վերաձևավորվել է քեմալականների կողմից՝ դառնալով մի պետություն, որը դիտարկում է քրիստոնյաներին, քրդերին և այլ ազգերի՝ որպես երկրորդ կարգի քաղաքացիների»:
Թուրք պրոֆեսորի գրքում առկա են Թուրքիայի օրենքներից հղումներ, արխիվային փաստաթղթերի օրինակներ: Նա ընդգծեց, որ Թուրքիայում առաջին կարգի քաղաքացիներ են դիտարկվում թուրքական ծագում ունեցողները, իսկ քրիստոնյաները և քրդերը` ոչ: Թաներ Աքչամի խոսքով` այս մոտեցումը նույնիսկ Թուրքիայի օրենքներով և իրավական կարգավորումներով է ամրագրված եղել:

«Իմ փաստարկն այն է, որ Թուրքիայում ապարտեիդի ռեժիմ է` հիմնված միջազգային կոնվենցիաների վրա: Թուրքիայի քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքի փոփոխություններին, իրավական կարգավորումներին մասնակցություն չեն ունեցել քրիստոնյաները: Թուրքիայի քաղաքացիներն առանձնացված են ծագումով թուրքերի և ծագումով ոչ թուրքերի: Բազմաթիվ հայեր հարկադրաբար իսլամացվել են, վերցրել են թուրքական անուններ, և հարց է առաջանում, թե նրանց սերունդներին ինչպես են տարբերակում` ով ունի հայկական ծագում, ով` ոչ: 2013 թ․ պատահաբար իմացանք, որ Թուրքիայի բնակչության համար կա կոդավորման համակարգ. հույների համար ընտրված է 1 թիվը, հայերի համար` 2, հրեաների համար` 3»,- ասաց նա ու ընդգծեց, որ եթե Թուրքիայում ապրող անձը նույնիսկ մոռանա իր ծագումը, պետությունը երբեք չի մոռանա: