- Main
- Node
- ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ
December 20, 2022 | 09:46
Կրթություն
Գիտություն
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ
Օրակարգային 12 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման ու ստեղծման վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրանց արդյունքում Ֆիզիկայի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ նախագիծը, ներկայացվել են կատարողականներ ու հաշվետվություններ, հրատարակության է երաշխավորվել երկու աշխատություն։
Նախքան նիստի օրակարգի հաստատումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ձևավորված ավանդույթի համաձայն, պարգևատրեց «ICPC» միջազգային ուսանողական ծրագրավորման օլիմպիադայի մասնակից ուսանողներին, որոնք ներկայացրել են ԵՊՀ-ն և գրանցել բարձր արդյունքներ։
Այնուհետև Հ․ Հովհաննիսյանն ասաց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն կազմելու համար ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որն էլ հայտարարությունը կներկայացնի ԳԽ հաստատմանը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը հաղորդեց «ԵՊՀ զարգացման 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրի» կատարման ընթացքի մասին՝ ներկայացնելով ինչպես անցնող տարվա ընթացքում կատարված գործողություններն ու ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում արձանագրած ձեռքբերումները, այնպես էլ հետագա գործողությունների պլանավորմանն ուղղված աշխատանքները։
Հաջորդիվ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2023 թ․ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշիվը՝ հավաստելով, որ ԵՊՀ 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է, իսկ դեֆիցիտի լրացման աղբյուրը 2023 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ներկայացրեց մասնաճյուղի 2021-2022 ուստարվա հաշվետությունը։ Նա նշեց, որ մասնաճյուղը, ամփոփելով «2016-2020 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի» արդյունքները, 2021 թ․ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին մշակել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «2022-2026 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը»։
Ա․ Մակարյանը վկայեց, որ աշխատանքային խումբը 2022 թ․ հունվար-մարտ ամիսներին մշակել է ռազմավարական ծրագրի իրականացման պլան-ժամանակացույց, որի հիման վրա կազմակերպվել է մասնաճյուղի ստորաբաժանումների ու ուսանողական կառույցների գործունեությունը։
Հաջորդիվ Ա․ Մակարյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտաքին կապերի բաժինը լուծարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու հարցը։
Ինչպես նշեց Ա․ Մակարյանը, աշխատանքների կազմակերպման արդյունավետության պահանջի, ֆինանսական նպատակահարմարության, ինչպես նաև բաժնի ու մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների կրկնությունների բացառման անհրաժեշտության տեսանկյունից առավել նպատակահարմար է դիտարկել բաժնի լուծարման հարցը։ ԳԽ-ն հաստատեց ներկայացված առաջարկը։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Վրացագիտության կենտրոն» ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու հարցը՝ նշելով, որ ՀՀ-ում հայագիտության` որպես գերակա ուղղության համակողմանի զարգացումն ու ներգրավումը միջազգային գիտական միջավայրում հնարավոր չեն առանց տարածաշրջանային, այդ թվում` վրացագիտության համալիր հետազոտությունների:
Է․ Մինասյանի հավաստմամբ կենտրոնի ստեղծումը պայմանավորված է աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության, զարգացումների ընթացքի, հեռանկարների ու միտումների, գիտաքաղաքական գնահատման ու գալիք մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ: ԳԽ-ն հավանություն տվեց ներկայացված առաջարկին։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ պրոռեկտոր Մ․ Հովհաննիսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումը լուծարելու, «Մարքեթինգի բաժին» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու նախագիծը։
Պրոռեկտորի խոսքով՝ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության լուծարման ու նոր բաժնի ստեղծման առանցքային և գլխավոր դրդապատճառներից են կրթական ու գիտահետազոտական ծառայությունների շուկայում ԵՊՀ ճիշտ դիրքավորվելու անհրաժեշտությունը, այդ ծառայությունների լայնածավալ ու թիրախավորված հանրայնացումը, դրա շնորհիվ՝ ԵՊՀ հանրային նշանակության բարձրացումը և ԵՊՀ բրենդի դիրքավորումը համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների շարքում։ ԳԽ-ն հաստատեց նաև այս նախագիծը։
Հաջորդիվ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետների միաձուլման ու վերակազմավորման եղանակով «ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ» ստորաբաժանման վերակազմակերպման վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու հարցը։
Ինչպես նշեց Հ․ Հովհաննիսյանը, ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:
ԵՊՀ ռեկտորը հավաստեց, որ ֆակուլտետները միավորելու և նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Ըստ նրա՝ երկու ֆակուլտետում ներկայում գործող կրթական ութ ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք լիարժեք չեն օգտագործվում:
«Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում։ Մեր համոզմամբ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների»,– հավելեց ԵՊՀ ռեկտորը:
ԳԽ-ն հաստատեց ներկայացված առաջարկը։
Օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին լիովին համապատասխանող «Journal of Sociology. Bulletin of Yerevan University», «Journal of Political Science. Bulletin of Yerevan University», «Translation Studies: Theory and Practice», «Արդի հոգեբանություն», «Կրթությունը 21-րդ դարում», «Բանբեր Երևանի համալսարանի․ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն», «Բանբեր Երևանի համալսարանի․ տնտեսագիտություն», «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» հանդեսները։
ԳԽ-ն հրատարակության երաշխավորեց նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․ Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ․» (գիրք 1) մենագրությունն ու հաստատեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի և նույն ամբիոնի դոցենտ Թերեզա Ամրյանի «Քրդերենի դասագիրք» (կուրմանջի հատ․ 1) բուհական դասագիրքը հրատարակության երաշխավորելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն որպես բուհական դասագիրք հաստատելու միջնորդություն ներկայացնելու հարցը։
Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց բարերար, աշխարհում խաղաղության օրակարգի առաջմղման ջատագով Աբդ ալ-Ազիզ Սաուդ ալ-Բաբտեյնին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու առաջարկությունը։ Նրա խոսքով՝ Աբդ ալ-Ազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է ֆակուլտետի հետ, տրամադրում տարբեր դրամաշնորհներ՝ աջակցելով մասնագիտական գործունեության արդյունավետ կազմակերպմանը։
Ռ․ Մելքոնյանի հավաստմամբ նրա անունն են կրում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր համալսարանների արաբական մշակույթի ամբիոններ, այդ թվում՝ Օքսֆորդի համալսարանի արաբերենի ամենահին ամբիոնը։ ԳԽ-ն հաստատեց ներկայացված առաջարկը։
Օրակարգային վերջին հարցով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը հանդես եկավ «Խառը ուսուցման (էլեկտրոնային հարթակի օգտագործմամբ) մոդելի կիրառումը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսումնական գործընթացում» խորագրով զեկուցմամբ։