- Main
- Node
- «Մասնագիտական ալիաս»-ի առաջնություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
October 15, 2018 | 14:04
Կրթություն
Ուսանողական
«Մասնագիտական ալիաս»-ի առաջնություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
Երբ խաղն ամրապնդում է մասնագիտական գիտելիքները
Հոկտեմբերի 8-10 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Մասնագիտական ալիաս»-ի առաջնություն: Առաջնությունը բաղկացած էր մի քանի փուլերից: Ընդհանուր առմամբ առաջնությանը հայտ էր ներկայացրել 6 թիմ` ֆակուլտետի բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերից: Առաջնության վիճակահանությանը չներկայանալու պատճառով որակազրկվեց 1-ին կուրսի 1-ին հոսքը ներկայացնող Թիմ 1-ը:
Առաջնությունը ինքնակամ լքել էր Թիմ 5-ը, որ ներկայացնում էր 2-րդ կուրսի 2-րդ հոսքը:
Խմբային փուլի Խաղ 1 - ում 50-40 հաշվով հաղթանակ տարավ 3-րդ կուրսի 2-րդ հոսքը ներկայացնող Թիմ 2-ը: Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց 2-րդ կուրսի 1-ին հոսքը ներկայացնող Թիմ 4-ի անդամ Խալուհի Մովսիսյանը:
Խմբային փուլի Խաղ 2 - ում 53-41 հաշվով հաղթանակ տարավ 3-րդ կուրսի 1-ին հոսքի (առաջին թիմ) ներկայացնող Թիմ 3-ը: Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց նույն կուրսի նույն հոսքը ներկայացնող Թիմ 6-ի անդամ Վահե Ղազարյանը:
Այսպիսով, համառ պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ անցան Թիմ 2-ը և Թիմ 3-ը:
Պայքարը, անկասկած, թեժ էր և անզիջում, որի արդյունքում էլ 60-81 հաշվով հաղթանակ տարավ 3-րդ կուրսի 1-ին հոսքը ներկայացնող Թիմ 3-ը: Թիմի կազմում հանդես եկան`
1. Հրայր Հովակիմյանը,
2. Վահագն Թանգամյանը,
3. Գևորգ Բարսեղյանը,
4. Դավիթ Ղարիբյանը,
5. Զավեն Վարտումյանը:
Իր գերազանց խաղով փայլեց Թիմ 2-ի անդամ Վանուհի Սահակյանը, ով արժանացավ «Լավագույն խաղացող» պարգևին :
Առաջնությունը լի էր անակնկալներով:
Սուպեր խաղի ժամանակ առաջնության հաղթող ուսանողական թիմն իր ուժերը չափեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված թիմի հետ:
Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից ձևավորված թիմի կազմում էին`
1. Ի.գ.թ., ասիստենտ Վահագն Գրիգորյանը (Քաղ. դատավարության ամբիոն),
2. Ի.գ.թ., ասիստենտ Նարինե Ավագյանը (Քաղաքացիական իրավունքի ամբիոն),
3. Ի.գ.թ., ասիստենտ Տիգրան Նաղդալյանը (Սահմանադրական իրավունքի ամբիոն),
4. Ի.գ.թ., ասիստենտ Հեղինե Հախվերդյանը (Քաղ. դատավարության ամբիոն),
5. Ի.գ.թ., ասիստենտ Տիգրան Խաչիկյանը (Քաղ. դատավարության ամբիոն):
Պայքարը, անկասկած, հետաքրքրիր էր` լի շրջադարձային պահերով: Համաձայն նախնական պայմանավորվածության` հաղթող պիտի ճանաչվեր այն թիմը, ով առաջինը կհատեր 100 միավորի սահմանը: Դասախոսական կազմի թիմը առաջինը հատեց 100 միավորի սահմանը` վաստակելով 103 միավոր` ուսանողներին գերազանցելով ընդամենը 2 միավորով, և քանի որ շրջափուլի ավարտին մնացել էր 1 փորձ` կողմերը որոշեցին ավարտին հասցնել շրջափուլը, որի արդյունքում ուսանողական թիմը վաստակեց ընդհանուր հաշվարկով 107, իսկ դասախոսական կազմի թիմը 105 միավոր: Արդյունքում հաղթեց սերը և նվիրումը դեպի իրավագիտություն:
Սուպեր խաղի լավագույն խաղացող ճանաչվեց ուսանողական թիմի անդամ Զավեն Վարտումյանը : Առաջնության ռեկորդակիրներն են 3-րդ կուրսի 2-րդ հոսքը ներկայացնող Թիմ 2-ի անդամ Վանուհի Սահակյանը և դասախոսական կազմի անդամ, ի.գ.թ., ասիստենտ Վահագն Գրիգորյանը, ում հաջողվեց անսխալ բացատրել 10 բառ:
Առաջնության հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներով և 8 GB հիշողությամբ ֆլեշ-քարտերով:
Պրոֆեսորադասախոսական կազմի թիմի անդամները և ռեկորդակիրները ևս պարգևատրվեցին ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներով:
Առաջնությունը գերազանց գնահատվեց բոլոր մասնակիցների և հանդիսականների կողմից, նշվեց, որ ամեն ինչ կազմակերպված էր օբյեկտիվորեն և հավուր պատշաճի:
Ահա թե ինչպես են Մասնագիտական ալիաս խաղում իրավաբանները...
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան