- Main
- Node
- «Հաջողության պատմություններ». Արա Գաբուզյան
October 22, 2018 | 13:55
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«Հաջողության պատմություններ». Արա Գաբուզյան
«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի ` 2018-2019 ուստարվա մեկնարկը տրված է
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվել էր հանդիպումների շարքի առաջին հանդիպումը, որի շրջանակներում ուսանողական հանրույթի կողմից հյուրընկալվել էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ , սիրված դասախոս պրն. Արա Գաբուզյանը:
Ավանդույթի համաձայն` հանդիպման առաջին մասում հնչեցին բլից -հարցեր, որ վերաբերում էին բանախոսի առօրյային ու նախասիրություններին: Հարցին, թե որն է սիրված դասախոսի կարգախոսը, վերջինս պատասխանեց, որ կարգախոսեր չի սահմանում իր համար: Երկրորդ մասում հնչեցին հարցեր, որ վերաբերում էին մասնագիտական ոլորտին: Հանդիպման ընթացքում առավելապես քննարկվեց մեղքի հասկացությունը: Նախորդ բանախոսի` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ, դոցենտ Անահիտ Մանասյանի հարցին, թե մարդու մեջ որ արժանիքն է պրն. Գաբուզյանը ամենից շատ գնահատում, նա պատասխանեց` ազնվությունը: Պրն. Գաբուզյանը խորհուրդ տվեց կարդալ Ֆ. Կաֆկայի «Դատավարությունը». քննարկվեց գրքի իրավական կողմը, ինչպես կարող էին զարգանալ դեպքերը, ինչպիսին կարող էր լինել գլխավոր հերոսի ճակատագիրը: Բոլոր ուսանողների սերն ու հարգանքը վայելող պրն. Գաբուզյանը խորհուրդ տվեց լինել պրպտող ու աշխատասեր, և, անկասկած, ամեն ինչ կհաջողվի: Հանդիպման վերջին հատվածում բանախոսը պատասխանեց դահլիճից հնչող հարցերին:
Վերջում, ինչպես արդեն գիտեք, բանախոսը հարց պատրաստեց հաջորդ բանախոսի համար` չիմանալով, թե ով է նա, իսկ ուսանողական հանրույթը ընտրեց հաջորդ բանախոսին:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին նման հանդիպումները պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` նշելով, որ ստանում են թե' պրակտիկ, թե' տեսական գիտելիքներ:
Հեղինակ ` Լեյլի Թադևոսյան