- Main
- Node
- Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները
October 26, 2018 | 16:21
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները
Սնանկության ոլորտում ՌԴ օրենսդրության մեջ առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների քննարկում
Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էր Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գործարարական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Սվետլանա Կարելինան: Պրոֆեսոր Կարելինան հանդես եկավ <<Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները>> թեմայով հատուկ դասախոսությամբ: Բանախոսն անդրադարձավ սնանկության ոլորտում Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրեց մի շարք խնդրահարույց ինստիտուտների վերաբերյալ տարբեր տեսակետներ: Քննարկումը հիմնականում վերաբերում էր պարտապանների խմբին սնանկ ճանաչելու, ամուսինների սնանկության, սնանկության ընթացքում ժառանգման իրավահարաբերություններին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆ. Վ. Հովհաննիսյանի հարցին, թե արդյոք ՌԴ-ում չեն մտածում սնանկության դատարանի ստեղծման մասին, որը, ի դեպ, 2019թ. հունվարի 1-ից գործելու է ՀՀ-ում, բանախոսը նշեց, որ ՌԴ-ում սնանկության դատարանի ստեղծման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն առկա խնդիրները, մասնավորապես` մեծ թվով լավ կադրերի պակասը, դեռևս այդ հարցում երկար մտորումների տեղիք է տալիս: Հանդիպման ավարտին պրոֆեսորը ներկայացրեց նաև Մոսկվայի պետական համալսարանում <<Սնանկություն>> մագիստրոսական ծրագիրը և հայտնեց առկա կրթաթոշակների և դիմելու կարգին մասին: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, դատավորներ և տարբեր կուրսերի ուսանողներ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի և ՈՒԳԸ համագործակցությամբ:
Հեղինակ ` Լեյլի Թադևոսյան