- Main
- Node
- ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
September 18, 2019 | 10:57
Հասարակություն
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով:
«Գրքասեր» հասարակական կազմակերպության http://grqaser.org/am կայքում հայերեն գրքերի էլեկտրոնային և աուդիո տարբերակները հասանելի են անվճար: Այստեղ կարելի է գտնել ամենատարբեր ժանրերի ու ճաշակի ավելի քան 500 էլեկտրոնային գրքեր և աուդիոգրքեր՝ Նար-Դոս, Ջորջ Օրուել, Վիլյամ Սարոյան, Ակուտագավա Ռյունոսկե, Չարլզ Դիքենս և այլն: «Գրքասերի» հետ համագործակցում են հանրածանոթ մարդիկ, կայքում կան նաև արևմտահայերենով պատմվածքների ձայնագրություններ:
Ձեզ ենք ներկայացնում բարձր որակով աուդիոգրքեր փնտրելու և ներբեռնելու լավագույն հավելվածները, որոնք կօգնեն առանց տնից դուրս գալու ստեղծել սեփական գրադարանը:
1.«Audible»: «Audible»-ն առաջարկում է աուդիոգրքերի անզուգական և հսկայական ընտրություն: Առաջարկվում են տասնյակ հազարավոր գրքեր՝ ներառյալ բազմաթիվ բացառիկ հրատարակություններ: Եթե ընթերցողը գիրք է ընտրել, ապա որոշել փոխել այն, կարող է անվճար փոխանակել մեկ ուրիշի հետ: Աուդիոգրքերը կարելի է լսել «Windows Phone», «iOS» և «Android» սարքերի, «Windows» համակարգիչների և «macOS»-ի ու «Amazon Alexa»-ի ցանկացած սարքի միջոցով:
2. «Google Audiobooks»: «Audiobook»-ը «Google Play Store»-ի վերջին հավելումն է: Նոր ծառայությունն «Audible»-ի մրցակիցն է, քանի որ այն հնարավորություն է տալիս առանց բաժանորդագրման ներբեռնելու հազարավոր գրքեր, ներառյալ շատ բեսթսելերներ, բայց ընտրությունը դեռ այնքան լայն չէ, որքան «Audible»-ինը:
Հավելվածի շնորհիվ գրքերը կարելի է լսել գրեթե ցանկացած սարքով: Կան ծրագրեր «iOS»-ի և «Android»-ի համար, ստեղծվել է վեբ հավելված: Աուդիոգրքերի համար կա նաև ձայնային հսկողության հնարավորություն (օրինակ՝ կարելի է խնդրել, որ որոշ ժամանակ անց դադարեցվի ընթերցումը):
3. «Kobo Audiobooks»-ն ավելի մատչելի, սակայն պակաս ծավալուն մրցակից է «Audible»-ի համար:
«Kobo» հավելվածն «Audible»-ի դեմ մրցակցության մեջ է մտել իր սեփական աուդիոգրքերի ծառայության շնորհիվ, որը գործարկել է 2017 թ. վերջին: Գրքերի ընտրությունն այնքան մեծ չէ, որքան «Audible»-ինը, բայց հնարավոր է գտնել ամենատարածված գրքերի մեծ մասը:
4. «LibriVox»-ն ավելի քան 24.000 անվճար աուդիոգիրք է պարունակում. ի տարբերություն «Audible»-ի՝ այն ամբողջովին անվճար է: Իհարկե, այստեղ հնարավոր չէ ներբեռնել վերջին բեսթսելերները, սակայն հնարավոր է գտնել համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունները: Ի տարբերություն «Audible»-ի, որի աուդիո գրքերը հաճախ ընթերցվում են հայտնիների կամ հեղինակների կողմից, «Librivox»-ի աուդիոգրքերն ընթերցվում են ամբողջ աշխարհի կամավորների կողմից:
5. «Downpour»: Ֆանտաստիկ գրականության սիրահարները կարող են ներբեռնել հենց այս հավելվածը: Այն ունի ֆանտաստիկ ժանրի գրքերի հրաշալի ընտրանի: Նախքան աուդիոգիրքը գնելը հնարավոր է կարճ՝ 30-60 վայրկյան տևողությամբ գրքին ծանոթացնող պատմություն լսել:
Ձեզ ենք ներկայացնում 2018 թ. ամենաշատ լսվող 10 աուդիոգրքերը՝ ըստ www.storytel.com կայքի.
- «Սապիենս: Մարդկության համառոտ պատմությունը», Յուվալ Նոյ Հարարի
- «Ատլանտը թոթվեց ուսերը», Այն Ռենդ
- «Թքած ունենալու նուրբ արվեստը», Մարկ Մենսոն
- «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Ռոբերտ Կիյոսակի
- «Շանթարամ», Գրեգորի Դևիդ Ռոբերթս
- «Կրեմլի ողջ շքախումբը. ժամանակակից Ռուսաստանի համառոտ պատմությունը», Միխայիլ Զիգար
- «Փոխզիջում», Սերգեյ Դովլաթով
- «Կորցնելով անմեղությունը», Ռիչարդ Բրենսոն
- «Կայսրությունը պետք է մահանա», Միխայիլ Զիգար
- «Քո ամուսնու հետ անկողնում: Սիրուհու գրառումները: Կինը պետք է կարդա», Նիկա Նաբոկովա
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը