- Main
- Node
- ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
September 23, 2019 | 11:11
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Պարզաբանում 2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում հրապարակված «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն» վերտառությամբ հոդվածում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ:
2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում ԵՊՀ ներկայացուցիչ ներկայացող՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը հրապարակել է «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն» վերտառությամբ հոդված, որտեղ փորձել է մեկնաբանել ԵՊՀ-ում աշխատանքային հարաբերությունների փաստաթղթային ձևակերպումների իրավաչափությունը և անդրադարձել է փորձաշրջանի սահմանմանը: Մինչդեռ հոդվածագիրը ներկայացրել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկատվություն՝ փորձելով հանրությանը մոլորեցնել և Մայր բուհի 100-ամյակի տոնական միջոցառումների նախաշեմին արատավորել ԵՊՀ-ի համբավն ու հեղինակությունը:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
ԵՊՀ-ում աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի տեղափոխումը, աշխատանքային հարաբերությունների դադարեցումն իրականացվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ:
ԵՊՀ-ում աշխատում են ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ որոշակի ժամկետով, համատեղությամբ, ժամավճարային հիմունքներով, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով աշխատողներ և ծառայությունների մատուցման պայմանագրերով գիտահետազոտական աշխատանքներ կատարող անձինք:
ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողներն աշխատանքի են անցնում որոշակի ժամկետով (մինչև 5 տարի), մրցութային ընտրությամբ, ինչը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն է:
Նույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ բուհում մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով (5 տարի) աշխատանքի են անցնում նաև ռեկտորը, մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետի դեկանը և ամբիոնի վարիչը:
Մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով են համալրվում նաև գիտական համակազմի թափուր պաշտոնները:
ԵՊՀ-ում մրցութային ընտրությամբ պաշտոններ զբաղեցնող աշխատողների համար փորձաշրջան չի սահմանվում, քանի որ այդ ընթացակարգով աշխատանքի ընդունվողների համար փորձաշրջան սահմանելու արգելքը նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
ԵՊՀ վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական համակազմերում նախատեսված են որոշակի աշխատանքներ, որոնք կատարող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են անորոշ ժամկետով:
Միաժամանակ կան աշխատանքներ (պաշտոններ), որոնք կատարող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են որոշակի ժամկետով, քանի որ դրանք կրում են ժամանակավոր բնույթ, կամ աշխատանքը կատարվում է համատեղությամբ, կամ այդ հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:
Այս տարրակարգերի աշխատողների համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 3 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանվում է միայն առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս (այլ աշխատանքի (պաշտոնի) տեղափոխվելիս), որի նպատակը նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելն է:
Նույն պաշտոնում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելիս աշխատողի համար կրկնակի փորձաշրջան երբեք չի սահմանվել:
Նման պայմաններում, ակնհայտ է, որ հոդվածագրի այն դիտարկումը, թե իբրև «ԵՊՀ-ում կա 50 տարվա աշխատակից, որի հետ 50 անգամ կնքվել է նույնաբովանդակ պայմանագիր և այդ աշխատողը 50 անգամ անցել է եռամսյա փորձաշրջան» (բառացի մեջբերված է (հոդվածից), մերկապարանոց պնդում է և բացահայտ սուտ:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ