- Main
- Node
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊՈԼՍԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿ ԶԱՎԵՆ ԲԻԲԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
September 24, 2019 | 16:12
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊՈԼՍԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿ ԶԱՎԵՆ ԲԻԲԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Զավեն Բիբերյանը՝ որպես Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների ականատես» թեմայով դասախոսություն, որը ներկայացրեց Աթենքի ազգային համալսարանի թուրքագիտության բաժնի դասախոս Հերվե Ժորժլեն:
Դասախոսության սկզբում Հերվե Ժորժլեն շնորհակալություն հայտնեց ներկաներին թեմայի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և անդրադարձավ 1921 թվականին Ստամբուլում ծնված հայ արձակագիր, հրապարակախոս, լրագրող, գրող, քաղաքական գործիչ Զավեն Բիբերյանի կենսագրությանը:
«Զավեն Բիբերյանն արևմտահայ իրականության մեջ կարևոր նշանակություն ունեցող մարդկանցից է, որը կարողացել է իր ստեղծագործական գործունեության ընթացքում ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել են Օսմանյան Թուրքիան և այնտեղ ապրող ոչ մահմեդական փոքրամասնությունները»,- ասաց Հերվե Ժորժլեն:
Վերջինիս կարծիքով, Զավեն Բիբերյանն ըմբոստ կեցվածք ունեցող քաղաքական գործիչ և լրագրող էր, որը չէր վախենում բարձրաձայնել սեփական կարծիքը՝ դրանով հակառակվելով թուրքական իշխանություններին:
«Զավեն Բիբերյանի ունեցած դիրքորոշումն Օսմանյան Թուրքիայի և այնտեղ ապրող ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ հարուցում էր ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև տեղի հայերի զայրույթը, որոնք նախընտրում էին որքան հնարավոր է աննկատ մնալ»,- պարզաբանեց Հերվե Ժորժլեն:
Միևնույն ժամանակ, ներկայացնելով Օսմանյան Թուրքիայի իրականությունը, Զավեն Բիբերյանը չէր մոռանում անդրադառնալ նաև այն թուրքերին, որոնք չէին կիսում «գյավուրների»՝ ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը և երազում էին ապրել այն Թուրքիայում, որտեղ հավասարություն է տիրում:
Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց նաև Զավեն Բիբերյանի գրական գործունեությունը՝ անդրադառնալով «Մրջյունների վերջալույսը» վեպին:
«Վեպը պատմում է արևմտահայ իրականության մասին՝ ներկայացնելով քաղաքական իրավիճակն ու այն խտրականությունը, որին ենթարկվում էին ոչ մահմեդական փոքրամասնությունները, այդ թվում՝ նաև հայերը,- ասաց Հերվե Ժորժլեն,- ըստ իս՝ այս վեպի ամենակարևոր կետերից մեկը պոլսահայերի իրական կյանքը ներկայացնելն էր, որը հեռու էր ներդաշնակությունից ու հավասարությունից: Այդ մրջյուններն իրականում պոլսահայերն էին»:
Հանդիպման վերջում ուսանողները հարցեր ուղղեցին հյուրին:
Անի Պողոսյան