- Main
- Node
- ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ
September 25, 2019 | 15:16
Հասարակություն
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրություն՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին, ԵՊՀ 100-ամյակին և Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին:
Ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրությունը մեկտեղել էր ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներին, Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներին, այլև Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին:
Միջոցառման կազմակերպիչներն Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Ֆիզիկայի ինստիտուտ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն էին:
Գիտափորձերը կատարվեցին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից:
Նրանք կենտրոնական մասնաշենքում տեղադրված տաղավարներում ցուցադրեցին հեղուկ ազոտով պաղպաղակի ստացում, միջուկային ռեակցիաներ, մասնիկների գրանցման և նույնականացման դետեկտորներ, օպտիկական փորձեր, փորձեր լազերների և ոսպնյակի հետ, ԴՆԹ-ի անջատում ու ԴՆԹ-ի կլանման սպեկտրի գրանցում և այլն:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները ցուցադրեցին ԴՆԹ-ի անջատում և ԴՆԹ-ի կլանման սպեկտրի գրանցում:
Ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Ելենա Հակոբյանի
խոսքով, այս ցուցադրությունը լավագույն միջոցն է աշակերտներին ներկայացնելու դպրոցական դասագրքերից դուրս եղած ծրագրերը և փորձերը:
Ինտերակտիվ գիտափորձերին մասնակցում էին նաև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաները:
Աշակերտներին ուղեկցում էր նրանց ուսուցչուհին՝ Վերժինե Սարգեզյանը, որը փաստեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են եկել՝ մասնակցելու ցուցահանդեսին:
Վ. Սարգեզյանը նախկինում աշխատել է ԵՊՀ-ում, իսկ այժմ աշխատանքային գործունեությունը ծավալում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում. «Երբ իմացանք ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրության մասին, որոշեցինք անպայման ներկա գտնվել, ինչպես նաև շնորհավորել մեր սիրելի համալսարանին՝ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ»:
Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 194 ավագ դպրոցում սովորող Էլեն Խաչատրյանի՝ գիտափորձերին մասնակցելու նպատակը ֆիզիկան խորությամբ ուսումնասիրելն ու նոր փորձերին ծանոթանալն է:
«Շնորհակալ եմ դասղեկիս ու բոլոր կազմակերպիչներին, որ այսօր այստեղ եմ և հնարավորություն ունեմ ծանոթանալու Մայր բուհի գործունեությանը»,- նշեց Էլենը և ավելացրեց, որ նպատակ ունի կրթությունը շարունակելու ԵՊՀ-ում:
ysu.am-ը զրուցեց նաև միջոցառման կազմակերպիչներից Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արփինե Փիլոյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ ուսանողների համար ցուցադրվելու են դասապրոցեսում ընդգրկված փորձերը, իսկ աշակերտների համար ցուցադրվող գիտափորձերը նորություն են. «Միջոցառմանը նմանօրինակ մասնակցություն և հետաքրքրություն չէինք կանխատեսում, և հույս ունեմ, որ այն շարունակական է լինելու»:
Հարկ է նշել, որ Ինտերակտիվ գիտափորձերի ցուցադրությունն ավարտվելու է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ հանդիպմամբ, որի անունով է կոչվում Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրը։
Անգին Խաչատրյան