- Main
- Node
- «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
September 25, 2019 | 16:33
Հասարակություն
«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Դեղագործական միջազգային միավորման կողմից 2009 թ. սեպտեմբերի 25-ը պաշտոնապես ընդունվել է որպես դեղագետների միջազգային օր: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում նշել են մասնագիտական տոնը՝ կազմակերպելով պարային ֆլեշմոբ և տոնական միջոցառում: Մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացված միջոցառումները կազմակերպվել էին Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ:
Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները նախևառաջ մասնաշենքի բակում հանդես եկան պարային ֆլեշմոբով, ապա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:
Տոնական միջոցառման սկզբում Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս Անի Չախոյանը, շնորհավորելով դեղագետների միջազգային օրվա կապակցությամբ, փաստեց, որ այս տարի տոնի կարգախոս է ընտրվել «Անվտանգ և արդյունավետ դեղեր բոլորի համար» խորագիրը:
«Կարգախոսի նպատակն է կարևորել դեղերի դերը, դրանց կիրառումը, նշանակումը, ինչպես նաև դեղամշակման սխալների կանխումը»,- ասաց Անի Չախոյանը: Նա փաստեց, որ դեղագետն այսօր, բացի մասնագիտական բարձր որակների կրողը լինելուց, պետք է լինի նաև ուշադիր, շփվող, համբերատար, վերլուծական մտքով և հոգատար:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նախօրոք հայտարարված մրցույթի ամփոփում և պարգևատրում: Նախապես անհրաժեշտ էր ներկայացնել ուշագրավ և զվարճալի պատմություններ, որոնք տեղի են ունեցել դեղատանը, և ըստ մրցույթի ժյուրիի անդամների՝ հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի ուսանողուհի Հայարփի Դուրեյանը:
Այնուհետև Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ Ռուբեն Հովհաննեսյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ուրախությամբ ասաց՝ հպարտ է, որ Ֆարմացիայի ինստիտուտն այդպիսի ուսանողներ ունի, որոնք հետագայում փոխարինելու են իրենց:
Միջոցառման ընթացքում Անի Չախոյանը մասնակիցներին ներկայացրեց դեղագետների և դեղատների խորհրդանիշները, որոնք օգտագործվել են տարբեր ժամանակներում: Դրանցից էին, օրինակ, հավանգը և հավանգակոթը, կանաչ խաչը, գապերը և այլն:
Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը նույնպես շնորհավորեց ներկաներին և փաստեց՝ հիացած ու հպարտ է իրենց ուսանողներով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խաղ-մրցույթներ, որոնց մասնակցեցին ինչպես ուսանողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Առաջին խաղի ընթացքում ուսանողները, մրցելով իրար դեմ, ցույց տվեցին, թե ով է ավելի ճիշտ և արագ փաթեթավորում փոշին, իսկ մյուս խաղ-մրցույթի ընթացքում դասախոսները մրցեցին՝ փորձելով առավել արագ լուծույթը մեկ տարայից տեղափոխել մյուսի մեջ՝ առանց հատուկ գործիքի կիրառման:
Տոնական միջոցառման ավարտին ամփոփվեցին առցանց հարցման արդյունքները, որով առաջարկվել էր Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին տրված անվանակարգերի դիմաց նշել իրենց նախընտրած դասախոսին կամ աշխատակցին: Անվանակարգերի հաղթող դասախոսների պատվոգրերը հանձնեց ինստիտուտի ՈՒԽ նախագահ Էմմա Մարկոսյանը:
Նախքան արարողությանն անցնելը նա, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, փաստեց, որ Հայաստանում, մասնավորապես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղագետները շատ լավ կրթություն են ստանում, ինչը նրանց մրցունակ է դարձնում միջազգային շուկայում:
Քնար Միսակյան