- Main
- Node
- ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՖԻԶԻԿԱՆ 20/21 ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
September 25, 2019 | 17:59
Գիտություն
ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՖԻԶԻԿԱՆ 20/21 ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով երկօրյա սիմպոզիումի ժամանակ այսօր զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած գիտնականներ, իսկ օրվա հատուկ հյուրն աշխարհահռչակ ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանն էր (Օգանեսովը), որի անունով է կոչվում Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրը։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում մեկնարկել էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված երկօրյա մինի-սիմպոզիումը՝ «Ֆիզիկան 20/21 հարյուրամյակների սահմանին» խորագրով:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, մինի-սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահ Գեորգի Պողոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հրավիրյալ հյուրեր:
Հայաստանի և այլ երկրներից ժամանած գիտնականների զեկուցումներից հետո հատուկ դասախոսություն էր պատրաստել Յուրի Հովհաննիսյանը, որը երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:
Մինչ Յուրի Հովհաննիսյանի զեկուցումը Գեորգի Պողոսյանը ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց Յ.Հովհաննիսյանին հրավերն ընդունելու համար:
«Հայ ժողովուրդը կարող է պարծենալ, որ նման զավակ ունի»,- ասաց Գ. Պողոսյանը, այնուհետև համառոտ ներկայացրեց գիտնականի կենսագրությունն ու հրավիրեց նրան սկսելու զեկուցումը։
Յուրի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակի կապակցությամբ։
«Այս տարին հոբելյանական է, քանի որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի միջազգային տարի, ինչը տոնվում է մեծ ոգևորությամբ»,- նշեց բանախոսը։
Նրա զեկուցման թեման էր քիմիան, Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակը, վերջինիս մեջ ի սկզբանե առկա տարրերն ու նոր տարրերի բացահայտումը։
«Ատոմները նյութական աշխարհի աղյուսները չեն, ինչպես սկզբում մտածում էին գիտնականները, նրանք ունեն բարդ կառուցվածք, ու պետք է դժվար որոնումներ անցկացնել այդ կառուցվածքը բացահայտելու համար։ Մենդելեևը դա հասկացել էր ու սկսել էր փնտրտուքը»,- նշեց գիտնականը և ասաց, որ այդ որոնումները շարունակվում են մինչ օրս, ինչի շնորհիվ սկզբում եղած տարրերի թիվն այսօր հասել է 118-ի։
Բանախոսը պատմեց նաև իր անունով կոչված «Oganesson» (Օգանեսոն) տարրի մասին՝ նշելով, որ պարբերական աղյուսակն այդ տարրով հաստատ չի սահմանափակվելու։
Զեկուցման վերջում Յ. Հովհաննիսյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակի կապակցությամբ ելույթով հանդես եկավ նաև Մեքսիկայի ազգային համալսարանի աստղաֆիզիկոս Գագիկ Թովմասյանը։
Նա նույնպես շնորհավորեց ֆակուլտետի և համալսարանի հոբելյաններն ու պատմեց իր գիտական գործունեության մասին։
Զեկուցումներից հետո մեկնարկեց Ֆիզիկայի ֆակուլտետի հոբելյանական նիստը, որի ժամանակ արտասահմանյան բուհերի ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները շնորհավորանքի խոսքեր ասացին ֆակուլտետի 60-ամյակի կապակցությամբ։
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորեց Ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակը և մաղթեց երկար տարիների ակտիվ գործունեություն:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը նույնպես շնորհավորեց ֆակուլտետի 60-ամյակը և նշեց, որ շատ լավ է, որ այն համընկել է համալսարանի 100-ամյակի հետ։
Շնորհավորական բազմաթիվ խոսքերից հետո Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ասաց, որ ինքը նույնպես միանում է ֆակուլտետին ուղղված շնորհավորանքներին։
Մարինա Առաքելյան