- Main
- Node
- ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
September 26, 2019 | 09:40
Հասարակություն
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ստորև ներկայացված է Երևանի պետական համալսարանի պաշտոնական հաղորդումը վերջիններիս իրականացման մանրամասների վերաբերյալ՝
1. Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիվ 257-Ա/2 հրամանի համաձայն (հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 01.06.2019 որոշման N661–Լ հավելվածի կետ 19, ենթակետ 20-ը)՝ ԵՊՀ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու և նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որի նախագահն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
2. ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է 18 մլն դրամ հատկացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին ԵՊՀ 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծախսերը փոխհատուցելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հատկացվել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ևս 18 մլն ՀՀ դրամ «Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացում» ծրագրի իրականացման նպատակով:
4. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրի համաձայն` 26.09.2019 թ.՝ ժամը 14։00-ին, կկայանա ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի մասնակցությամբ, որի ընթացքում նախատեսված են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունումն ու պարգևատրման արարողությունը: Նշված պաշտոնատար անձինք հաստատել են իրենց մասնակցությունը:
5. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրով 27.09.2019 կանցկացվի «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանը:
6. 27.09.2019-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա պաշտոնական հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես կգա ողջույնի խոսքով:
7. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել 21 երկրներից գիտական և կրթական ոլորտների 84 ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և այլն: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք պաշտոնական հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա նաև Պրահայի Կարլովի համալսարանի ռեկտոր, դոկտոր Թոմաշ Զիման:
8. 27.09.2019-ի երեկոյան տեղի կունենան ԵՊՀ ռեկտորի անունից ընդունելություն և գալա-ընթրիք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Գալա-ընթրիքին հրավիրված է մոտ 450 հոգի: «Ֆլորենս» ռեստորանային համալիրի ընտրությունը պայմանավորված էր առաջարկում ներառված առիթին առավել համապատասխան դահլիճի հարմարավետությամբ, ճաշացանկով, սպասարկման որակով, տեխնիկական հագեցվածությամբ (լեդ-էկրաններ, լույս, ձայն): Գալա-ընթրիքին հրավիրված են ՀՀ նախագահ Ա․Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք։
Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ ենք, որ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանը տոնական իրադարձություն է ամբողջ հանրապետության և յուրաքանչյուր հայի համար, հույս ունենք, որ այս տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանի դրական համբավը ամրապնդվում է այսօր և դեռ ամրապնդվելու է վաղը:
Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ համալսարան: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ համալսարանական: