- Main
- Node
- 84 ՀՅՈՒՐ 21 ԵՐԿՐԻՑ. ԵՊՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐԻՆ
September 26, 2019 | 14:52
Հասարակություն
84 ՀՅՈՒՐ 21 ԵՐԿՐԻՑ. ԵՊՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:
Այս տարի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցում է 84 հյուր 21 երկրից՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլ պետություններից:
Հյուրերին առաջինը ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան և ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը:
Մեզ հետ զրույցում Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Թիթյեն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառմանը:
«Ես շատ եմ կարևորում այն բարեկամական հարաբերությունները, որոնք ստեղծվել են մեր երկու համալսարանների միջև, ապագայում ծրագրում ենք սերտացնել մեր համագործակցությունը՝ ավելի շատ ուսանողներ ներգրավելով տարբեր ծրագրերում»,- ասաց Քրիստիան Թիթյեն:
Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Վահան Հակոբյանը կարևորեց այն մեծ դերը, որ համալսարանն ունի սերունդներին կրթելու գործում:
«Գաղտնիք չէ, որ համալսարանի ամենակարևոր գործառույթներից մեկն ապագա սերունդների կրթության գործառույթն է, և ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանն արդեն հարյուր տարի պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը,- ասաց Վահան Հակոբյանը,- ցանկանում եմ նաև նշել, որ նախատեսում ենք ընդլայնել համալսարանի հետ համագործակցությունը՝ իրականացնելով փոխանակման ծրագրեր»:
ԵՊՀ-ի հարյուրամյակը շնորհավորեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«ԵՊՀ-ն հիմնադրվել է Հայաստանի համար համար շատ ծանր և դժվարին ժամանակահատվածում և այն քիչ կառույցներից է, որը կարողացել է այս տարիների ընթացքում անխափան կատարել իր աշխատանքը,- ասաց Ռուբեն Մելքոնյանը,- մեծ է համալսարանի դերը կրթական ավանդույթների ստեղծման և դրանց պահպանման գործում: Ես փորձելու եմ շարունակել և հաջորդ սերունդներին փոխանցել այն կրթական ավանդույթները, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում»:
Այսօր տեղի է ունենալու նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ընթացքում նախատեսվում են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում և պարգևատրման արարողություն: