- Main
- Node
- ԵՊՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
September 26, 2019 | 17:23
ԵՊՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
Երևանի պետական համալսարանն իր 100-ամյակի առթիվ այսօր պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին՝ ավելի քան 44 պատվիրակություններ, որոնք ժամանել են աշխարհի 21 երկրներից:
Հյուրերի թվում են օտարերկրյա տարբեր գիտակրթական ինստիտուտների, կենտրոնների տնօրեններ, գործընկեր համալսարանների և բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ:
Հյուրերին նախ իր աշխատասենյակում ընդունեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան, ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը, մասնակցեցին դեռևս սեպտեմբերի 23-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում մեկնարկած ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ու պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսին, ինչպես նաև համալսարանի գրադարանում պահվող հին փաստաթղթերի և գրքերի ցուցադրությանը:
Այնուհետև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի ուղեկցությամբ նրանք եղան Մ․Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ծիծեռնակաբերդի բարձունքում հյուրերին դիմավորեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը:
Նրանք ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Վերջում օտարերկրացի հյուրերը եղևնի տնկեցին թանգարան-ինստիտուտի պուրակում:
Մարինա Առաքելյան